Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շատ լավ օրեր ենք ունեցել Վարդանի հետ ևʹ թատրոնում, ևʹ ընկերական շրջապատում». այսօր Վարդան Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է

14:10, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
«Շատ լավ օրեր ենք ունեցել Վարդանի հետ ևʹ թատրոնում, ևʹ ընկերական շրջապատում». այսօր Վարդան Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանի 56-ամյա հոբելյանն է: Թեպետ նրա հետ, հասկանալի պատճառներով, կապ հաստատել չհաջողվեց, բայց ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրուցեց դերասանի մտերիմների հետ, ովքեր առաջին հերթին Վարդանին առողջություն ու համբերություն մաղթեցին:

Ռեժիսոր Ռուբեն Բաբայան
Ռեժիսոր Ռուբեն Բաբայան

«2004-ին Տիկնիկային թատրոնում Վարդանի հետ բեմադրեցի «Ցմահ բանտարկյալները» մոնոներկայացումը, որը խորհրդանշական դուրս եկավ: Այդ ժամանակից սկսվեց մեր ավելի սերտ ընկերությունը»,- մեզ հետ զրույցում պատմեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ու ավելացրեց, որ շատ կցանկանա` Վարդանը ֆիզիկապես լինի բոլորիս հետ: «Նրա բացակայությունը հիմա երևում է: Նա կարևորագույն դեմքերից է մեր մշակույթի, մեր կյանքի, ով շունչ է տալիս, գույն է տալիս մեր քաղաքին, մեր երկրին, շրջապատին: Պետք չի, որ բոլորը հավանեն նրա արածը կամ կիսեն նրա մտքերը, բայց դա հարստություն է: Վարդանը մեր հարստությունն է: Առհասարակ մարդիկ են մեր հարստությունը, և այդ պատճառով պետք է նրանց հանդեպ շատ ավելի նուրբ լինել»,- նշեց Ռուբեն Բաբայանը: Նրա խոսքով` կատարվածը մեծագույն ողբերգություն է, բայց մի բան պետք է պարզ գիտակցել` Վարդանը հանցագործ չի: «Ցանկանում եմ, որ շատ շուտ կարողանամ նրան գրկել, համբուրել, նստել նրա հետ, զրուցել, նրան կրկին տեսնել ստեղծագործության մեջ»,- անկեղծացավ ռեժիսորն, ով այս ամբողջ ընթացքում Վարդանի հետ հանդիպում չի ունեցել, փոխարենը` Վարդանի քրոջ հետ է պարբերաբար հանդիպել, ում հետ բազմաթիվ ելույթներ են ունեցել:
     Ինչ վերաբերում է Վարդանի քրոջը` Աշխեն Պետրոսյանին, վերջինը նախընտրեց լռել և պարտադիր չհամարեց հրապարակային շնորհավորել եղբորը: «Ես արդեն շնորհավորել եմ, ավելացնելու որևէ բան չունեմ, պարզապես կուզեմ նրան տանը տեսնել»,- ամփոփեց Աշխենը:

Վարդան և Աշխեն Պետրոսյաններ
Վարդան և Աշխեն Պետրոսյաններ

Վարդան Պետրոսյանը ծնվել է 1959-ի փետրվարի 27-ին, Երևանում: Մանկությունն անցել է Երևանի կենտրոնում` Խանջյան փողոցում գտնվող հայրական տանը: Ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժինը: 1988-ին Վահրամ Սահակյանի հետ հիմնել է առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնը` «Ոզնիները»: Նրա հեղինակած ներկայացումներն իրենց քաղաքական համարձակությամբ մշտապես մեծ աղմուկ են բարձրացրել Երևանի թատերական կյանքում: Դրանցից են` «Սեր և ատելություն», «Ճակատագրի կատակներ», «Ի՞նչ անել», «Սեռասարսափ», «Ցմահ բանտարկյալները» և այլն: 2012-ին հրատարակել է «Օրեր, գույներ, ճակատագիր» խորագրով ինքնակենսագրականը, որտեղ ներկայացված են հեղինակի գեղանկարչական աշխատանքներն ու բանաստեղծությունները:

5403 | 12
Facebook