Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել Ջոն Քերիին քաջություն ցուցաբերել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը

13:31, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է արել Ջոն Քերիին քաջություն ցուցաբերել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Միացյալ Նահանգների կոնգրեսական Բրեդ Շերմանը, երեկ՝ փետրվարի 26-ին, խոսելով ԱՄՆ արտաքին հանձնաժողովի ամբիոնից, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և Օբամայի ողջ վարչակազմին: Այս մասին հաղորդում է «Asbarez»-ը:

«Որպես սենատոր Ջոն Քերի՝ դուք Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից էիք: Մենք այսօր կանգնած ենք այդ ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, և ես կարծում եմ, որ Դուք այնքան քաջություն կունենաք, որ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները բնութագրելու համար «ցեղասպանություն» բառը կօգտագործեք»,- հայտարարել է Շերմանը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանն այս առիթով իր երախտագիտությունն է հայտնել Շերմանին իր ազդեցիկ ելույթի համար և նշել, որ դրա մեջ զգացվում էր այդ անպատիժ հանցագործության պատճառով զոհված 1.5 միլիոն հայերի ոգին:

Աղբյուրը նշում է նաև, որ սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին առաջիկա օրերին պատասխանելու է Շերմանի հնչեցրած այս հայտարարությանը:
     Հիշեցնենք, որ ԱՄՆ Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը երեկ՝ փետրվարի 26-ին, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել:

5343 | 0
Facebook