Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առավոտից իրիկուն հեռուստաալիքներով մարդիկ ճաշ են պատրաստում. Շարմազանով

16:20, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Առավոտից իրիկուն հեռուստաալիքներով մարդիկ ճաշ են պատրաստում. Շարմազանով
     «Մեզ պետք է հեռուստաեթեր, որը կարող է դաստիարակել հայրենասեր սերունդ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հեռուստաընկերություններն ավելացնեն ճանաչողական հաղորդումները, հզորացնեն եկեղեցի-հասարակություն կապը, եթերը մաքրեն աղբից ու անճաշակությունից»,- դիմելով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին` ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա առաջարկներ ներկայացրեց, թե հատկապես ինչպիսի հաղորդումների վրա պետք է ուշադրություն դարձնել և ինչը` մերժել:
     «Առավոտից իրիկուն հեռուստաալիքներով մարդիկ ճաշ են պատրաստում: Ալիք կա 2-3 հատ նման հաղորդում ունի: Հիմա ի՞նչ` նպատակն է ցույց տալ, թե ով ինչ լավ բորշ կամ ձվածեղ է սարքո՞ւմ... ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Անցած տարի Հովհաննես Շիրազի 100-ամյակն էր, բացի լրատվական թողարկումները, ոչ մի անդրադարձ չի եղել այդ իրադարձությանը, մինչդեռ նոր սերնդին հենց դա պետք է ներկայացվեր: Նախորդ տարի «Արարատ 73»-ի հաղթանակի 40-ամյակն էր, քանի՞ հաղորդում տեսանք նրանց նվիրված, բացի լրատվական թողարկումներից:
     Այս տարի Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակն է, չեմ տեսել որևէ ալիք նրան նվիրված մեծ միջոցառում անի: Անցնեմ երաժշտությանը: Մեկ ժամ առաջ զրուցում էի լեգենդար երգահան Սասուն Պասկևիչյանի հետ, եկեք նոր սերնդին հարցնենք` ո՞վ է նա, չեն իմանա, մինչդեռ հեռուստաընկերությունները պետք է այս ընթացքում ներկայացնեին նրան: Պիտի անպայման մարդու 70 կամ 80 ամյակը լինի՞, որ անդրադառնան: Մեկ-մեկ երաժշտություն եմ լսում` 90 %-ը կլկլոց է, 10 %-ի մեջ` ճաշակ: Ռաբիսի մեջ էլ կան ճաշակով կատարողներ, բայց ամեն ինչ չափի մեջ պետք է լինի: Մենք ե՞րբ ենք վերջին անգամ եթերում լսել Օֆելյա Համբարձումյանի համերգները, նրա մասին հաղորդումներ, քանի՞ հաղորդում է եղել Նժդեհի մասին, Մուսա լեռան 40 օր ենք ունեցել, կամավորական ջոկատներ ենք ունեցել, ինչո՞ւ չենք ներկայացնում նոր սերնդին: Արցախյան հերոսամարտում հաղթած ժողովուրդ ենք, քանի՞ ֆիլմ ունենք հերոսամարտի մասին: Մի հատ նկարահանել են, որի հերոսը ինչ-որ չգիտակցված գնացել-դարձել է հերոս... դա է՞... Այս ամենի համար մեծ գումարներ պետք չեն, այլ ցանկություն է պետք: Հասկանում եմ` բիզնես է, դժվար է հեռուստաընկերություն պահելը, բայց հավատացեք` մեր արժեքներն ավելի կարևոր են, ու ես առաջարկում եմ ուշադրություն դարձնել թվարկածս ամեն ինչին»,- եզրափակեց Շարմազանովը:
3889 | 7
Facebook