Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ով է եղել Ռոբինզոն Քրուզոյի իրական նախատիպը

21:13, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
Ով է եղել Ռոբինզոն Քրուզոյի իրական նախատիպը

Երբ 1709 թվականին անգլիական «Դյուկ» նավը մոտեցել է անմարդաբնակ համարվող Մաս-ա-Տյերայի ափերին, անձնակազմի ուշադրությունը գրավել է խարույկից բարձրացող ծուխը: Նավի անձնակազմը որոշում է կայացրել մի քանի նավաստիների հետախուզության ուղարկել: Որոշ ժամանակ անց նրանք վերադարձել են՝ իրենց հետ բերելով կենդանիների կաշվից շորեր հագած մի մարդու:

Նավապետին նա ներկայացել է որպես Բրիտանիայի քաղաքացի Ալեքսանդր Սելքիրք, ով կղզում մենության մեջ ապրել է 4 տարի և 4 ամիս:

Հենց Սելքիրքն էլ դարձել է Դանիել Դեֆոյի աշխարհահռչակ գրքի՝ «Ռոբինզոն Քրոզո»-ի համանուն հերոսի նախատիպը:

Սակայն, ի տարբերություն Ռոբինզոնի, Սելքիրքը նավաբեկության զոհ չի եղել, այլ կղզի է նետվել իր կռվարար բնավորության պատճառով:

Նա եղել է «Սենկ Պոր» ծովահենային նավի բոցման: Երբ 1704 թվականին նավը կանգ է առել Մաս-ա-Տյերա կղզու մոտ՝ ջուր վերցնելու, Ալեքսանդրը վիճել է նավապետի՝ Ուիլյամ Դամփիրի հետ՝ պնդելով, թե նավը լուրջ վերանորոգման կարիք ունի, և ինքն այդ կիսախարխուլ նավով չի շարունակի նավարկությունը: Դամփիրը հրամայել է ապստամբին թողնել կղզում ու շարունակել ճանապարհը:

Հարկ է նշել, որ Ալեքսանդրի մտավախություններն անհիմն չեն եղել: Կղզին լքելուց հետո նավի մասին ոչ ոք այլևս ոչինչ չի լսել:

Կղզում մնալով՝ Ալեքսանդրը չի հուսահատվել՝ գիտակցելով, որ այն հարուստ է խմելու ջրով և նավերն այնտեղ հաճախ են կանգ առնում: Նա սկզբում չէր էլ կարող պատկերացնել, որ 52 ամիս կմնար մեկուսի այդ վայրում: Նավեր, ճիշտ է, կղզի եկել են, սակայն դրանք իսպանացի գալլերն են եղել, իսկ քանի որ այն ժամանակ Անգլիան և Իսպանիան պատերազմի մեջ են եղել, ապա անգլիացի ծովահենն ստիպված թաքնվել է նրանցից:

Գոյություն պահպանելու համար Ալեքսանդրն ունեցել է մի քանի իրեր՝ կացին, հրացան, վառոդ և այլն: Տառապել է մենությունից, սակայն վարժվել է կղզուն և գոյատևել: Սկզբում սնվել է կակղամորթներով, ապա ընտելացրել վայրի այծերին, որոնք ժամանակին բերվել են մարդկանց կողմից, սակայն նրանց գնալուց հետո վայրիացել են: Սնվել է նաև վայրի բանջարեղեններով ու մրգերով, այծի մսով: Նա նաև 2 խրճիթ է սարքել, որոնց հետքերը 2008-ին հայտանաբերվել են բրիտանցի հնէաբանների կողմից:

Ալեքսանդր Սելքիրքի սարքած խրճիթը
Ալեքսանդր Սելքիրքի սարքած խրճիթը

Վերադառնալով Անգլիա՝ նա դարձել է իսկական հերոս, թեև շուտով դարձյալ բռնել է ծովահենության ճանապարհը: Սակայն Ալեքսանդրն այևս այն չարանենգ բոցմանը չի եղել: Կղզում նա առաջին անգամ կարդացել է նավից իր հետ վերցված «Աստվածաշունչ»-ը, ինչը շատ բան է փոխել նրա կյանքում:

Սելքիրքը մահացել է 1721-ին՝ ծովահենային նավերից մեկում, և ծովային հին ավանդույթի համաձայն՝ թաղվել է ծովում՝ Արևմտյան Աֆրիկայի ափերի մոտ:

1966 թվականին Մաս-ա-Տյերա կղզին, որ տեղակայված է Չիլիից 650 կմ հեռավորության վրա, անվանափոխվել է Ռոբինզոն Քրուզոյի անվամբ՝ որպես գրական հերոսի հանդեպ հարգանքի տուրք:

Ռոբինզոն Քրուզոյի կղզի
Ռոբինզոն Քրուզոյի կղզի
Իսկ Սելքիրքի անվամբ անվանել են հարևան կղզին՝ 160 կմ հեռավորության վրա: Չնայած, դժվար թե Սելքիրքն այնտեղ երբևէ եղած լինի:
Ալեքսանդր Սելքիրքի կղզի
Ալեքսանդր Սելքիրքի կղզի

13735 | 0
Facebook