Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Սոֆի Մխեյանը՝ ԱՄՆ-ում կայացած համերգի մասին. «Այն սեր էր առ հայրենիք, ընտանիք, ընկերներ և սեր՝ հենց իր իմաստով»

17:31, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
Սոֆի Մխեյանը՝ ԱՄՆ-ում կայացած համերգի մասին. «Այն սեր էր առ հայրենիք, ընտանիք, ընկերներ և սեր՝ հենց իր իմաստով»
     Փետրվարի 15-ին ԱՄՆ-ի «Փասադենա սիվիկ աուդիտորի»-ում‬ կայացավ «Ես սիրում եմ քեզ» խորագրով համերգը՝ Սոֆի Մխեյանի, Անդրեի, Արսեն Սաֆարյանի, Նազենի Հովհաննիսյանի ու Ավետ Բարսեղյանի մասնակցությամբ: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցի ընթացքում Սոֆի Մխեյանը կիսվեց համերգի հետաքրքիր պահերի, տպավորությունների, հանդիսատեսի հետ ջերմ հարաբերությունների մասին: «Ավելի ճիշտ կլիներ, որ այս մասին իր գնահատականը տար հանդիսատեսը, բայց կողքից նայելով ու գնահատելով՝ կասեմ, որ շատ լավ էր, հրաշալի համերգ էր: Երեկ ենք վերադարձել, բայց ստանում ենք նամակներ, արձագանքներ: Մարդկիկ շատ լավ գնահատականով են հեռացել դահլիճից: Այս համերգը սեր էր առ հայրենիք, ընտանիք, ընկերներ և սեր հենց իր իմաստով: Ի սկզբանե համերգը փոխկապակցված էր, մեկս մյուսին էինք լրացնում»:
     Երգիչները հինգով կատարել են սիրո պոպուրի, ինչպես նաև՝ անդրադարձել Ցեղասպանության 100-ամյակին «Դլե Յաման» և «Երազ իմ երկիր հայրենի» երգերով, ինչը շատ բուռն է ընդունվել հանդիսատեսի կողմից և արժանացել ծափահարությունների:
     «Համերգը սկսվեց բեմադրված պարով՝ Նազենիի ու Ավետի կրքոտ տանգոյով: Երկուսուկես ժամը անցավ մի շնչով՝ տասը հոգուց բաղկացած նվագախումբը, կենդանի հնչողությունը, լույսերը....»,- պատմեց Սոֆին՝ հավելելով, որ իրենցից յուրաքանչյուրը 6-7 անհատական կատարում է ունեցել, ներկայացել են դուետներով և տրիոներով,- «Արսեն Սաֆարյանը երգեց և նվագեց կիթառով, դուետ կատարեցին Նազենիի հետ: Ես և Անդրեն ներկայացանք դուետով: Հինգ արտիստներ, ընկերներ միաձուլվել էին մի տեսակի մեջ»:
     Խոսելով հանդիսատեսի հետ շփման մասին՝ Սոֆին պատմեց, որ շատերը մի քանի ժամ ճանապարհ էին անցել համերգի համար: Երգիչները հանդիսատեսի հետ շփվել են, լուսանկարվել և նրանցից ստացել հուշանվերներ: Սոֆիի վերջին հանդիպումը ԱՄՆ-ի հանդիսատեսի հետ եղել էր մի քանի ամիս առաջ. «Այդ ժամանակ մի երգով եմ հանդես եկել, իսկ այս անգամ ամբողջական ծրագիր էր: Այս համերգը շատ ավելի երկար կմնա նրանց հիշողության մեջ»:
     Վերջում երգչուհին ավելացրեց, որ համերգային այս ծրագրով հանդես գալու հրավեր են ստացել նաև տարբեր երկրներից և քաղաքներից:
4788 | 1
Facebook