Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Նուտելլա»-ի ստեղծումը պատահականության հետևանք է եղել

22:06, կիրակի, 22 փետրվարի, 2015 թ.
«Նուտելլա»-ի ստեղծումը պատահականության հետևանք է եղել

Ինչպես հայտնի շատ բաներ, «Նուտելլա»-ն ևս պատահականորեն է ստեղծվել: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կակաոյի ներկրման ծավալները Իտալիա խիստ կրճատվել են, և շոկոլադից պատրաստվող քաղցրավենիքների մեջ կակաոյի չափաբաժինը նվազեցնելու համար Պետրո Ֆերերոն` «Ֆերերո» ընկերության հիմնադիրը, հրուշակեղենների արտադրության մեջ սկսում է լայնորեն կիրառել այն, ինչով հարուստ է հայրենի Պիեմոնտա շրջանը: Նա ստեղծում է շոկոլադային դելիկատես, որ պատրաստվում է մանրացված պնդուկից և շոկոլադի յուղից: Իր նոր արտադրանքին Ֆերերոն «Ջանդույա» անվանումն է տալիս ու վաճառքի հանում այդ շոկոլադե սալիկները հայրենի Ալբա քաղաքում: Մինչ այդ շոկոլադը քաղաքի բնակիչների համար բավական թանկ հաճույք էր, իսկ Ֆերերոյի նոր արտադրանքը շատ մատչելի էր ու հասանելի բոլորի գրպանին, բացի այդ, այն նաև շատ սննդարար էր:

Ամառային մի շոգ օր` քաղաքային տոնակատարությանն ընդառաջ, Ալբայի քաղաքապետարանը շոկոլադե սալիկների մեծ խմբաքանակ է պատվիրում Ֆերերոների ընտանիքին: Մեծ պատվերը կատարելուց հետո Ֆերերոն ուշ գիշերով պառկում է քնելու, իսկ առավոտյան ուշ արթնանալով` պարզում, որ շոկոլադե սալիկներն, արևի տակ երկար մնալով, հալվել են: Հնարամիտ հրուշակագործը, սակայն, խուճապի չի մատնվում: Նա իրենց թոնրատանը թխված բոլոր հացերը մանր շերտերի է բաժանում ու հալված շոկոլադը քսում հացի շերտերի վրա և հայտարարում, որ քաղաքի բոլոր բնակիչներին շոկոլադե բուտերբրոդներ է հյուրասիրում: Հաշված ամիսների ընթացքում հալված շոկոլադը դառնում է Իտալիայում ամենաշատ սպառվող քաղցրեղեններից մեկը:

1951թ. Պետրո Ֆերերոյի որդիներն ստեղծում են «Supercrema» ապրանքանիշը ու վաճառում այն ապակյա տարաներով: 12 տարի անց` 1963 թվականին, Միքելե Ֆերերոն փոքր-ինչ փոփոխում է շոկոլադե կրեմի բաղադրոթյունն ու դրան «Նուտելլա» անունը տալիս` անգլիական «nut»` պնդուկ և իտալական «ella» կանացի անվան վերջնավանկ արմատներից: Միքելե Ֆերերոն մինչ իր կյանքի վերջ գաղտի է պահել «Նուտելլա»-ի բաղադրությունը: Նա մահացել է 89 տարեկան հասակում, 2015թ. փետրվարի 8-ին: Այժմ «Նուտելլա»-ի բաղադրությունը Ֆերերո ընտանիքի գաղտնիքն է:

2007թ. «Նուտելլա»-ն գլխավորել է «Ֆորբես»-ի կողմից ներկայացված 10 հասարակ գաղափարների ցուցակը, որոնք իրենց ստեղծողներին միլիարդների եկամուտ են ապահովել: Այժմ միայն Իտալիայում տարեկան 179 հազար տոննա` ավելի քան կես միլիարդ տարա, «Նուտելլա» է սպառվում: Հատկանշական է, որ 2007թ. ի վեր փետրվարի 5-ն համարվում է «Նուտելլա»-ի համաշխարհային օր:

12234 | 0
Facebook