Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արաբական Միացյալ Էմիրություններն ուզում է կիրառել շախմատի դասավանդման հայկական փորձը

18:40, չորեքշաբթի, 18 փետրվարի, 2015 թ.
Արաբական Միացյալ Էմիրություններն ուզում է կիրառել շախմատի դասավանդման հայկական փորձը
    
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը: Արաբական կողմը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ներդրված շախմատի դասավանդման կրթական ծրագրով: Հյուրերը նշել են, որ Հայաստանի փորձը համարում են հաջողված, ինչով պայմանավորված մեծ ցանկություն ունեն «Շախմատը դպրոցում» կրթական ծրագիրը ներդնել նաև ԱՄԷ-ում և այս հարցում ակնկալում են հայկական կողմի մասնագիտական և խորհրդատվական աջակցությունը:
     Նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է շախմատի դասավանդման հայկական փորձը փոխանցել ցանկացած երկրի և բաց է համագործակցության համար՝ սկսած դասագրքերի, կրթական ծրագրերի ու մեթոդական ձեռնարկների տրամադրումից, մինչև մասնագետների վերապատարստում: «Շախմատը մեզ համար ազգային հպարտություն է, ուստի պատահական չէ, որ շախմատի ներդրումը հանրակրթական դպրոցներում հանրային մեծ աջակցություն է վայելում»,- իր խոսքում ընդգծել է Ա. Աշոտյանը՝ նշելով, որ ի սկզբանե հիմնական նպատակը եղել է երեխաների մոտ տրամաբանական մտածողության, ստեղծագործական և վերլուծական մտքի զարգացումը, լիդերության հատկանիշների ձևավորումը: «Կատարված գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ այս նպատակներն արդարացվել են և շախմատի ուսուցումը նպաստում է նաև այլ առարկաների յուրացման աստիճանի բարձրացմանը»,- մասնավորապես նշել է Ա. Աշոտյանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել աշխատանքային ձևաչափով՝ մասնագետների և փորձագետների համար ապահովելով փորձի արդյունավետ փոխանակում: Որպես առաջին քայլ՝ ԱՄԷ Շախմատի ֆեդերացիայի նախագահն իր հետ կտանի «Շախմատ» առարկայի հայկական դասագրքերն ու մեթոդական ծրագրերը:
3759 | 1
Facebook