Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերգեյ Մարկեդոնով. «Ռուսաստանի համար Ուկրաինան գլխավոր թատերաբեմն է, իսկ Ղարաբաղը` երկրորդ». «168 Ժամ»

11:25, շաբաթ, 31 հունվարի, 2015 թ.
Սերգեյ Մարկեդոնով. «Ռուսաստանի համար Ուկրաինան գլխավոր թատերաբեմն է, իսկ Ղարաբաղը` երկրորդ». «168 Ժամ»
     «168 Ժամ»-ի զրուցակիցն է ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը:
    
     - Պարոն Մարկեդոնով, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարված է: Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ երկիր է, մեզ վստահեցնում էին, որ ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին հավելյալ անվտանգություն է ենթադրում, այնինչ հակառակն է տեղի ունենում: Ո՞րն է Ձեր բացատրությունը:
    
     – Ես չեմ կարծում, որ այդ ռազմական գործողությունները նոր երևույթ են և աննախադեպ են ղարաբաղյան հակամարտության գոտու համար: Ես ռազմական գործողությունների մասին լսում եմ շուրջ 20 տարի: Ես լսում էի նաև այն մասին, որ եթե Հայաստանը միանա որևէ ինտեգրացիոն պրոյեկտի, դա կլինի փրկություն, սակայն չի լինի ոչ մի փրկություն: Ակնհայտ է, որ Ադրբեջանը բարձրացնում է տարածքային ամբողջականության հարցը ցանկացած խնդրի դեպքում: Ռեսուրս՝ պատերազմ սկսելու համար Ադրբեջանը դեռ չունի, իսկ սադրանքներ կլինեն: Ուստի պատերազմի հնարավորությունը դիտարկելն ու քննարկելն ավելի իրատեսական կլինի այն ժամանակ, երբ իրատեսական կլինի նաև պատերազմի հնարավորությունը: Լարվածություն եղել է միշտ ու կլինի, քան դեռ չկա հանգուցալուծում:
    
     - Վերջին շրջանում հատկապես ավելի ու ավելի հաճախ են քննարկում հետևյալ հարցը` ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե լինեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ:
    
     - Կփորձի դա կանգնեցնել՝ որքան որ դա հնարավոր կլինի: Իհա՛րկե, Ռուսաստանում քննարկվող հարց է` ռազմական գործողություններ կլինեն հայ-ադրբեջանական սահմանի՞ն, թե՞ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Սա ևս կարևոր հանգամանք է և տարբերություն:
    
     - Կանգնեցնել դիվանագիտակա՞ն ճանապարհներով: Մեզ ասում են, որ Ռուսաստանն աշխատում է դիվանագիտական միջոցներով, բայց Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, եթե լինեն ռազմական գործողություններ, որո՞նք են լինելու Ռուսաստանի գործողությունները:
    
     – Այդ մասին դժվար է հստակ որևէ բան ասելը: Մենք դեռ չենք կարող ասել, թե ինչպիսի զարգացում կունենա ուկրաինական ճգնաժամը: Ռուսաստանի համար Ուկրաինան գլխավոր թատերաբեմն է, իսկ Ղարաբաղը` երկրորդ: Ղարաբաղի մասին լրջորեն որևէ մեկը չի մտածում: Իհարկե, մտածում են, բայց դա երկրորդական և ոչ առաջնային խնդիր է: Ռուսաստանի ռազմական արձագանքը կբխի նրանից, թե ինչպես կզարգանան ուկրաինական դեպքերը:
3657 | 2
Facebook