Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գրպանահատության դասական օրինակ. Անահիտ Բախշյանը` «Parking city»-ի մասին

16:25, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Գրպանահատության դասական օրինակ. Անահիտ Բախշյանը` «Parking city»-ի մասին
     Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի մամլո հաղորդագրությունը.
    
     «Հարգելի քաղաքացիներ, համայնքային վճարովի ավտոկայանատեղում կանգնելու համար տուգանքի մասին արձանագրություն ստանալիս ուշադիր նայեք այն ավտոկայանատեղի կահավորանքին, որտեղ կանգնած եք եղել:
     ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման 3-րդ գլխում սահմանված կարգը պահանջում է կահավորել անհրաժեշտ միջոցներով` տեսախցիկ, ցուցանակ, կարմիր գծանշում:
     Կարմիր գծանշումը բացակայում է Տիգրան Մեծ պողոտայի 6 և 7-րդ հատվածներում, սակայն 2014թ. դեկտեմբերին 5 վարորդները ստացել էին արձանագրություններ իրավախախտումների մասին` ՀՀ օրենսգրքի 124 7-րդ հոդվածի համաձայն, որոնց մեջ նշված է, որ «քաղաքացին 15 րոպեից ավել ժամանակահատվածով կայանված է եղել ք. Երևան, Տիգրան Մեծ պող. 7-րդ հատվածի վրա գտնվող համայնքային վճարովի ավտոկայանատեղում, ինչի համար չի վճարել»: Ուրեմն պողոտայի նշված հատվածը Երևանի քաղաքապետարանում արդեն գրանցված է որպես համայնքային վճարովի ավտոկայանատեղ:
     Միջանկյալ ընդգծեմ, որ Տիգրան Մեծ պողոտայի 7-րդ հատվածի վրա է գտնվում Կրթության ազգային ինստիտուտը, որտեղ աշխատում ենք ես և վերոնշյալ 5 քաղաքացիները:
     Այս մասին 2015թ. հունվարի 14-ին նամակով տեղեկացրել եմ Երևանի քաղաքապետին` ներկայացնելով այդ արձանագրությունները և ինձ հավաստիացրել են, որ նման արձանագրություն այլևս ոչ մի քաղաքացի չի ստանա, իսկ վերոնշյալ 5 քաղաքացիների նկատմամբ կայացվել է գործերի վարույթները կարճելու մասին որոշումներ: Քանի որ հարցը լուծված համարեցի, խնդիրը չհրապարակեցի:
     Սակայն սույն թվականի հունվարի 23-ին վերոնշյալ 5 քաղաքացիներից մեկը Տիգրան Մեծ պողոտայի 7-րդ հատվածում չեղած վճարովի ավտոկայանատեղում կանգնելու համար կրկին ստացել է նման մի արձանագրություն և ես ստիպված եմ հրապարակել PARKING CITY-ի կողմից իրականացվող գրպանահատության այս վտանգավոր ձևի մասին:
     Ավելացնեմ, որ եթե այն 5 վարորդներն իմ գործընկերներն են և ես անմիջապես տեղեկանում եմ այդ մասին, ապա մարզերից մեր ինստիտուտ մշտապես այցելուների դեպքում` տեղյակ չենք լինում, իսկ նրանք հնարավոր է նույնպես ստացել են նման արձանագրություններ, սակայն ուշադրություն չդարձնելով կարմիր գծանշումների բացակայությանը, սուս-փուս վճարում են տուգանքները:
     Գրպանահատությունն էլ ինչպե՞ս է լինում, սա գրպանահատության դասական օրինակ է»:
3200 | 1
Facebook