Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում». այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

15:35, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
«Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում». այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
     «Տիգրանով իմ սերունդն իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում: Առանց Տիգրանի` իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու...». Հրանտ Մաթևոսյան
Այսօր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի ծննդյան տարեդարձն է: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը ճշտեց, որ նա այս պահին Հայաստանում չէ, կվերադառնա մարտ կամ ապրիլ ամսին:
Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939-ին Բեյրութում: Կոմպոզիտորի ստեղծագործությունները լսվել են աշխարհի տարբեր ծայրերում` Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում:

     Մանսուրյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում, գրել է սիմֆոնիկ երկեր, կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի, ալտի և լարային նվագախմբի, Կրկնակի կոնցերտ՝ ջութակի, թավջութակի, լարային նվագախմբի համար: Մանսուրյանը գրել է երաժշտություն նաև կինոյի համար` «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ճերմակ անուրջներ» և այլն: Արվեստագետների բնորոշմամբ` Մանսուրյանի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը:

«Իմ համոզմունքն է, որ ամեն մարդ աշխարհ գալիս իր բաժին հարցերն է ստանում: Ոմանց համար ստեղծագործելը լոկ այդ հարցերին պատասխանելն է: Ես իմ ստեղծագործությամբ աշխատում եմ հարցեր ավելացնել: Արվեստը պետք է հարցեր ծնի, հարցեր առաջացնի»,- վստահ է Տիգրան Մանսուրյանը:
2672 | 0
Facebook