Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գների անկումը կապված է Սաուդյան Արաբիայի վարած քաղաքականության հետ. «Բլումբերգ»

11:06, երկուշաբթի, 26 հունվարի, 2015 թ.
Նավթի գների անկումը կապված է Սաուդյան Արաբիայի վարած քաղաքականության հետ. «Բլումբերգ»

«Բլումբերգ» գործակալությունն անդրադարձ է կատարել համաշխարհային շուկայում նավթի գների տատանումներին՝ նշելով, որ դրանց անկման հիմնական պատճառը Սաուդյան Արաբիայի վարած քաղաքականությունն է նավթարդյունահանումը կրճատելու հարցում:

«Եթե աշխարհի նավթարդյունահանող խոշորագույն երկրները անհանգստացած են նավթի գների շարունակական անկման համար, ապա, թվում է, թե Սուդյան Արաբիային անհանգստացնում է միայն արդյունահանումը չկրճատելու խնդիրը: Նույնիսկ վերջինի նոր թագավոր Սալման Իբն Աբդուլ-Ազիզ Ալ-Սաուդը արդեն իսկ հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում կրճատել նավթարդյունահանման ծավալները: Համաշխարհային շուկայում այս ամենը անհետևանք չի մնացել և հանգեցրել է նրան, որ ՕՊԵԿ-ի և հատկապես Սաուդյան Արաբիայի՝ այս հարցում վարած քաղաքականության հետևանքով նավթի գները շարունակում են անկում ապրել»,- նշում է աղբյուրը:

Սուդյան Արաբիայում էներգետիկ ռեսուրսների հարցով փորձագետ Մուհամեդ ալ-Սաբբանը իր երկրի քաղաքականությունը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Աշխարհում նավթի խոշորագույն արտահանող Սաուդյան Արաբիան ընտրել է արդյունահանման ծավալները չկրճատելու քաղաքականությունը, քանի որ կարծում է, որ նավթի էժան գինը կհանգեցնի տնտեսական աճի և կմեծացնի նավթի սպառման ծավալները»:

Իր հերթին սակայն «Samsung Futures»-ի փորձագետ Քսոն Սուն Կինը հայտնել է. «Նավթի արդյունահանման ծավալները պետք է նախևառաջ կրճատել՝ նպատակ հետապնդելով դանդաղեցնել նավթային ազատ պաշարների կուտակման տեմպերը, քանի որ դրանք իրենց ծավալներով այժմ գերազանցում են 2008թ. սկսված տնտեսական ճգնաժամի ժամանակ առկա պաշարներին: Սակայն Սաուդյան Արաբիայի վերոհիշյալ հայտարաություններին նավթային շուկան որևէ կերպ չի կարողանում արձագանքել, և իրավիճակը մնում է անփոփոխ. առաջարկը գերազանցում է պահանջարկին, իսկ նավթի գները շարունակում են անկում ապրել»:
     Նշենք, որ այսօր եվրոպական «Բրենթ» մակնշման նավթը լոնդոնյան բորսայում գնահատվել է 48,38 դոլար, իսկ ամերիկյան «WTI» մակնշման նավթը`45,02 դոլար:

5970 | 0
Facebook