Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մուտիլովկան չի կարելի բեմ բարձրացնել». ի՞նչ լեզվով է խոսում այսօր թատրոնը

14:06, երեքշաբթի, 13 հունվարի, 2015 թ.
«Մուտիլովկան չի կարելի բեմ բարձրացնել». ի՞նչ լեզվով է խոսում այսօր թատրոնը
     Շատերի կարծիքով Մայր թատրոնն այսօր խոսում է «ուշացած» լեզվով: Այս տեսակետին համակարծիք չէ նույն թատրոնի դերասան Տիգրան Ներսիսյանը:
«Եթե դա ասում է մի մարդ, ում գլխում աշխատում է ընդամենը երեք բջիջ, և ով ընդհանրապես կապ չունի թատրոնի հետ, կարելի է խոսակցությունը փակել: Իսկ եթե տեսնում ես, որ այդ մարդն իրավունք ունի խոսելու, կարելի է լսել, երկխոսել... Բայց այդ մարդը պետք է հասկանա, որ սա ակադեմիկան թատրոն է, որտեղ ակադեմիզմ (լավ իմաստով) չի կարող չլինել: Այդ մարդը պետք է տեսնի այն լավ բաները, որոնք կան թատրոնում, հետո միայն նկատի բացերը, որոնք կան բոլոր թատրոններում: Իսկ եթե նա լավը տեսնելու փոխարեն՝ անընդհատ վատն է փնտրում, նրա հետ ևս անիմաստ է խոսել»,- ասում է դերասանը:
Ռեժիսոր Դավիթ Հակոբյանն էլ ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ այսօր դրամատուրգները գրում են փողոցի լեզվով, որն իր համար ընդունելի չէ: Նրա խոսքով՝ թատրոնի լեզուն առաջին հերթին պետք է կապ ունենա ապրող հասարակության լեզվամտածողության հետ, բայց «մուտիլովկան» չի կարելի բեմ բարձրացնել:
«Ասում ենք՝ թատրոնը նախ ժամանցի վայր է, բայց ինձ համար ճիշտ թատրոնն էլիտար ժամանցի վայր է: Այնտեղ լեզուն չի կարող շատ հասարակ լինել: Այն պետք է տարբերվի մարդկային խոսքից, լինի կիրթ, մի քիչ թատերային: Այլապես, եթե ես այդ նույն ժարգոնը լսում եմ տանը, աշխատավայրում, փողոցում, խանութում, ամենուր, ինչո՞ւ գամ փող տամ՝ մի հատ էլ թատրոնում լսեմ այդ ապուշությունը»:
Դավիթ Հակոբյանի խոսքով` այսօր ունենք ռեժիսորներ, ովքեր համարձակ ժարգոն են օգտագործում, և ունենք ռեժիսորներ, ովքեր դասական, ակադեմիական ոճն են պահում: «Ոչ նա է մի բան, ոչ էլ նա... Ոսկե միջինը պետք է գտնեն դրամատուրգները»: Ռեժիսորը բեմում ժարգոնն արդարացնում է միայն այն դեպքում, եթե կերպարն է պահանջում:
4682 | 0
Facebook