Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դժվար չէ գլխի ընկնել՝ ինչ մտադրությամբ է կալանավորվել Լևոն Հայրապետյանը. «Առավոտ»

10:56, ուրբաթ, 01 օգոստոսի, 2014 թ.
Դժվար չէ գլխի ընկնել՝ ինչ մտադրությամբ է կալանավորվել Լևոն Հայրապետյանը. «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է. «Դժվար չէ գլխի ընկնել՝ ինչ նպատակ է հետապնդում հարուցված գործը, և ինչ մտադրությամբ է կալանավորվել Լևոն Հայրապետյանը:
     Հայտնի է, որ խնդրո առարկան «Բաշնեֆթ» ընկերության ակտիվներն են: 2010 թվականին ընկերության հսկիչ փաթեթը ձեռք է բերել «Սիստեմա» խումբը: Գործարքի ժամանակ միջնորդական ծառայությունները մատուցել է Լևոն Հայրապետյանը: Այժմ Ռուսաստանի իրավապահները համարում են, որ գործարքը կայացել է ՌԴ օրենսդրության պահանջների խախտմամբ, ինչի հանգամանքներն ուսումնասիրվում են քրեական գործի շրջանակներում, և Լևոն Հայրապետյանին ներկայացրել են մեղադրանք, որը թեև մինչև վերջ հստակ չէ, բայց պարունակում է փողերի լվացման հատկանիշներ:
    
Ի՞նչը փոխվեց վերջին 4 տարիներին, որ «Բաշնեֆթը» կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում: Միակ լուրջ փոփոխությունը նավթի շուկայում գրանցվող տեղաշարժերն են: ԽՍՀՄ փլուզումից հետո նավթի շուկան Ռուսաստանում ազատականացվեց, և ի հայտ եկան մեկ տասնյակից ավելի ընկերություններ: Այս բազմազանությունն անցած 20 տարիներին հնարավորություն չէր տալիս, որ ընկերություններից որևէ մեկը դառնա համաշխարհային նշանակության խաղացող: Օրինակ՝ գազի շուկայում «Գազպրոմի» մենաշնորհային դիրքը ապահովել էր այդ ընկերության անդրազգային ազդեցությունը, մինչդեռ նավթային կազմակերպություններից որևէ մեկը նման ազդեցության մասին երազել չէր կարող:
    
2012 թվականին պետական «Ռոսնեֆթ» ընկերության նախագահ նշանակվեց Իգոր Սեչինը: Այս նշանակումից հետո ռուսական նավթի շուկայում սկսվեց «Ռոսնեֆթի» կողմից ագրեսիվ կլանման քաղաքականություն: Վերջին երկու տարում կազմակերպությունը տիրացել է ՅՈԻԿՕՍ-ի նախկին բոլոր ակտիվներին, ձեռք է բերել խոշոր խաղացողներից ТНК-BP ընկերության ակտիվները և բազմաթիվ փոքր ու միջին ընկերություններ: Համատեղ ձեռնարկության հիմնմամբ ընկերությունը կլանեց նաև «Իտերային»: Որոշ գնահատականներով՝ այս կլանումների արդյունքում արդեն «Ռոսնեֆթը» տիրապետած պաշարներով դարձել է աշխարհի խոշորագույն հրապարակային նավթային կազմակերպությունը:
    
Ակնհայտ է, որ ակտիվների կոնսոլիդացմամբ (որն առանց ՌԴ իշխանությունների իմացության ու օժանդակության չի կարող լինել) Ռուսաստանում ձգտում են «Ռոսնեֆթը» դարձնել համաշխարհային նշանակության էներգետիկ գիգանտ:
    
Այս համատեքստում էլ կարելի է բացատրել, թե ինչով է պայմանավորված «Բաշնեֆթի» նկատմամբ ռուս իրավապահների հետաքրքրությունը: Այդ ընկերությունը հանդիսանում է մոտ երկու տասնյակ ընկերությունների սեփականատերը, որոնք գործունեություն են ծավալում նավթի արդյունահանման, վերամշակման, տեղափոխման բնագավառում: Առկա միտումների պայմաններում դժվար չէ գլխի ընկնել, թե ով է ներկայումս հարուցված քրեական գործի իրական շահառուն և որն է նպատակը»:
    
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3605 | 0
Facebook