Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուները. «Հայոց աշխարհ»

11:30, շաբաթ, 26 հուլիսի, 2014 թ.
Այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուները. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը ներկայցրել այս տարվա առաջին լիսամյակի խոշոր հարկատուների ցուցակը։ Ներկայացնում ենք ծավալուն հոդվածից մի հատված։

«Ըստ այդմ, Հայաստանում գործող հազար խոշոր ընկերությունները պետական բյուջե են վճարել շուրջ 326 մլրդ դրամ, ինչը կազմում է ընդհանուր հարկային եկամուտների գրեթե 67,5 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ խոշորների վճարած հարկերն ավելացել են 12,1 մլրդ դրամով կամ 3,8 տոկոսով: Սա ավելի բարձր է, քան հարկային մուտքերի ընդհանուր աճը, որն առաջին կիսամյակում եղել է 3.4 տոկոս:

Վճարած հարկերի մեծությամբ Հայաստանի, այսպես ասած, գլխավոր հարկատուն դարձյալ «Գազպրոմ Արմենիան» է, որի վճարած հարկերը գրեթե 2,5 անգամ գերազանցում են խոշորների ցանկի երկրորդ ընկերության հարկային պարտավորություններին: Տարեսկզբի առաջին վեց ամիսներին «Գազպրոմ Արմենիան» պետական բյուջե է փոխանցել ավելի քան 23,9 մլրդ դրամ: Ընկերության վճարները նախորդ տարվա համեմատ ավելացել են 4.5 միլիարդով: Աճը հիմնականում արտահայտվել է ներքին ցանցում սակագների բարձրացման հաշվին:

Խոշորներից երկրորդը դարձյալ «Ղ-Տելեկոմն» է, որը պետական բյուջե է փոխանցել ավելի քան 10,2 մլրդ դրամ: Թէև առաջին եռամսյակի համեմատ ընկերության վճարները կտրուկ ավելացել են, այնուհանդերձ կիսամյակի արդյունքներով դրանք զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը: Ասենք, որ 2013թ. առաջին կիսամյակում «Ղ-Տելեկոմը» պետական բյուջե էր վճարել շուրջ 11,2 մլրդ դրամ:

Հեռահաղորդակցության ոլորտի մյուս խոշոր ընկերությունը՝ ի դեմս «ԱրմենՏելի», պետական բյուջեի նկատմամբ կատարել է շուրջ 8,6 մլրդ դրամի պարտավորություն, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Դրական տարբերությունը հասնում Է 1,1 միլիարդի:

Աճել են նաև «Օրանժ Արմենիայի» վճարած հարկերը: Անցած տարվա համեմատ դրանք կրկնապատկվել են՝ կազմելով ավելի քան 2,4 մլրդ դրամ: Լուրջ աճ է գրանցվել նաև հեռահաղորդակցության ոլորտի մեկ այլ ընկերության՝ «Յուքոմի» հարկային պարտավորություններում: Ընկերությունը առաջին կիսամյակում պետական բյուջե է փոխանցել ավելի քան 1,4 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 680 միլիոնի դիմաց:

Խոշոր հարկատուներից երրորդը գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է: Եթե առաջին եռամսյակում այս ընկերությունը պետական բյուջե էր վճարել 5,2 միլիարդ, ապա երկրորդում՝ 4,4 մլրդ դրամ: Կիսամյակի արդյունքներով ընկերության պարտավորությունները կազմել են 9,6 մլրդ դրամ, ինչը 2,9 միլիարդով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը:

Առաջին հայացքից սա լուրջ առաջընթաց է: Սակայն դրա փոխարեն կտրուկ նվազել են նույն գործարարին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Սամ Սեր Գրուպի» պարտավորությունները: Այն առաջին կիսամյակում բյուջե է փոխանցել շուրջ 1,7 մլրդ դրամ, ինչը 2,3 միլիարդով պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Թե «Ալեքս Գրիգի» կատարած վճարների ավելացումը որքանով է կապված «Սամ Սեր Գրուպի» պարտավորությունների նվազման հետ, դժվար է ասել: Ամեն դեպքում, երբ համադրում ենք Ս. Ալեքսանյանին պատկանող այս երկու ընկերությունների վճարած հարկերը, ստացվում է, որ դրանք ավելացել են 600 մլն դրամով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4833 | 0
Facebook