Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արթուր Բաղդասարյանը կարող է խախտել Գագիկ Ծառուկյանի մենիշխանությունը. «168 Ժամ»

12:51, շաբաթ, 19 ապրիլի, 2014 թ.
Արթուր Բաղդասարյանը կարող է խախտել Գագիկ Ծառուկյանի մենիշխանությունը. «168 Ժամ»
     «168 Ժամ»-ը գրում է. «ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ընդդիմության դաշտ տեղափոխվելով՝ Գագիկ Ծառուկյանի մենիշխանությունը՝ ոչ իշխանական օլիգարխի մենիշխանությունը, կարող է խախտվել: Արթուր Բաղդասարյանն անապահով խավի ներկայացուցիչ չէր նաև մինչև 2008 թվականը, սակայն դրան հաջորդած 6 տարիների ընթացքում կարողացել է հայկական չափանիշներով օլիգարխին համարժեք կամ գրեթե համարժեք նյութական կարողություն ձեռք բերել: Հասկանալի է, որ տվյալ դեպքում խնդիրը Բաղդասարյանի ու Ծառուկյանի կարողությունների մեխանիկական համեմատությունը չէ, գուցե վերջինը մի քանի տասնյակ միլիոն դոլարով ավելին ունի, քան ՕԵԿ նախագահը: Խնդիրը կարգն է, ավելի պարզ լեզվով ասած՝ «կալիբրը», որով Բաղդասարյանը կարող է հավակնել Ծառուկյանի հետ հավասարվելուն: Այսպիսով, Հայաստանում կարճ ժամանակ անց կարող է գործել բազմաթիվ օլիգարխներից բաղկացած իշխանություն և առնվազն երկու օլիգարխներից բաղկացած ընդդիմություն կամ ոչ իշխանական ուժերի համակարգ: Այսինքն՝ քաղաքական պայքարի անվան տակ հասարակությանը ներկայացվող կլանային պայքարն ավելի առարկայական դրսևորում կստանա՝ երկու օլիգարխիկ կենտրոններ կշարունակեն պայքարել ազդեցության գոտիների համար՝ փողը դարձնելով այլևս ոչ թե դոմինանտ, այլ՝ միակ գործոն:
     Եթե քառյակի հռետորական անձնակազմը համալրվի Արթուր Բաղդասարյանով, ապա նրա ու Լևոն Տեր-Պետրոսյանի համատեղ աշխատանքը կարող է «սարեր շուռ տալ»: Տեր-Պետրոսյանն իր ելույթներով կբավարարի իբրև թե ինտելեկտուալ տեքստերի ու դավադրության տեսությունների սիրահար մասսաներին, Բաղդասարյանն՝ իր պոպուլիզմով կառաջնորդի ավելի «հասարակ» զանգվածին, որին ընդդիմադիր ռահվիրաների մեծ մասը համարում է լյումպեն՝ բնականաբար, քաղաքական կամք ու համարձակություն չունենալով այդ մասին արտահայտվել նաև հրապարակավ»:
     Մանրամասները` թերթի համարում:
4136 | 0
Facebook