''168 ժամ''. Տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ում անկումային տրամադրություններ են հասունացել ԱԺ նախագահի և փոխնախագահի պաշտոններում Սամվել Նիկոյանի և Էդուարդ Շարմազանովի ընտրվելու հետ կապված: Հայտնի է, որ ԱԺ նախագահ դառնալու ցանկություն ուներ նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ԱԺ-ում խոսում են, որ նա նեղ շրջանակներում հայտարարել է` եթե ինքը չդառնա ԱԺ նախագահ, հնարավոր է դուրս գա ՀՀԿ-ից: Իսկ ԱԺ նախագահ դառնալու համար նրան փորձում էր առաջ մղել նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Ի դեպ, ասում են, որ բավականին վատ տրամադրություն ունի նաև Հ. Աբրահամյանը, ով չկարողացավ նշանակել ոչ միայն իրեն փոխրինողի, այլ` նույնիսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարին: ԱԺ-ում արդեն խոսում են, որ հաջորդ խորհրդարանում չեն լինի նաև այն պատգամավորների մեծ մասը, ովքեր Հ. Աբրահամյանի ազդեցության տակ են: