Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում առաջին անգամ հայի ինքնությունը վիրավորելու համար դատավարություն է սկսվել

13:46, շաբաթ, 29 հունիսի, 2013 թ.
Թուրքիայում առաջին անգամ հայի ինքնությունը վիրավորելու համար դատավարություն է սկսվել

Ստամբուլի պետական դատախազությունն ազգությամբ թուրք Յուսուֆ և Զահիթ Փոլաթներին մեղադրում է ազգությամբ հայ Լևոն և Արթուր Բալջըօղլուների ազգային և կրոնական ինքնությունը վիրավորելու համար:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սաբահ»-ը` Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ է, որ Ստամբուլի պետական դատախազությունը հայց է ընդունում երկու թուրքերի դեմ ազգությամբ հայերին` հորը և որդուն վիրավորելու համար:

Թուրքիայում բնակվող Լևոն Բալջըօղլուն և նրա որդին հատուկ դպրոցի ճաշարանն աշխատեցնելու համար Ֆիլիզ Ույարի հետ պայմանագիր են կնքել:

Այս տարվա ապրիլի 21-ին Ֆիլիզ Ույարի օգնական Յուսուֆ Փոլաթը ցանկացել է դրսից հաճախորդներ բերել, սակայն հայրը և տղան թույլ չեն տվել խախտել ճաշարանի օրենքը:

Այդ պատճառով նրանք որոշել են Քեմալ Բաթու անունով մի մարդու հանձնարարել այս գործը: Այս մասին իմանալով Յուսուֆ Փոլաթը Քեմալ Բաթուին ասել է` «Սրանց ստրուկը մի´ դարձիր, սրանք հայ գյավուրներ (անհավատներ) են»:

Ավելի ուշ հայտարարել է «Հայե´ր, այս երկիրը մերն է: Ձեզ սպանելու եմ, ոտքերներդ կոտրելու եմ»:

Չորս օր հետո նրա եղբայր Զահիթ Փոլաթը եկել է և հայտարարել` «Եղբորս դիպչել էք, ոտքներդ կկոտրեմ, հիմա երեքով ենք եկել, բայց եթե պետք լինի 103 հոգով կգանք»:

Յուսուֆ և Զահիթ Փոլաթների դեմ Քրեական օրենսգրքի 125/1 և 216/2 կետերով գործ է հարուցվել: Այն իրենից ենթադրում է «Ժողովրդի որոշակի սոցիալական խավի, կրոնի, դավանանքի և սեռական պատկանելության հիման վրա հրապարակավ սպառնալու և վիրավորելու մեղադրանք»:

Վճիռն արձակելու դեպքում նրանց սպառնում է 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկում:

Աղբյուրը` demokrathaber.net
4753 | 2
Facebook