Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

''Տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում''. Սերժ Սարգսյան

15:35, երեքշաբթի, 29 հունվարի, 2013 թ.
''Տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում''. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական այցը Տավուշի մարզ սկսվեց սահմանամերձ Մովսես գյուղից: Սերժ Սարգսյանը գյուղի եկեղեցու բակում մոտեցավ առաջին իսկ պատահած տարեց տղամարդում և հետաքրքրվեց. ''Հայրիկ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք'':

Ի պատասխան, տարեց մարդը պատասխանեց, թե ամենամեծ խնդիրն այն է, որ ''գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են'':

''Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային'',- պատասխանեց Սերժ Սարգսյանը:

''Եթե զավոդ լիներ, աշխատեին՝ չէին գնա'',- ասաց Մովսես գյուղի բնակիչը: Սերժ Սարգսյանը հարցրեց. ''Գյուղում զավոդ լինե՞ր'': Տարեց մարդու՝ ''հա'' պատասխանից հետո, Սերժ Սարգսյանն ասաց. ''Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր'':

Ի պատասխան, գյուղացին ասաց, թե ինքը հողը մշակում է, ինչին Սերժ Սարգսյանը հակադարձեց. ''Ուր է, որ մշակում եք, լավ էլի'':

Խոսակցությանը միջամտեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը՝ ասելով. ''Ասա, ասա, որ գյուղում վերանորոգված մշակույթի պալատ, մանկապարտեզ կա»: Սակայն տարեց մարդը դրա պատասխանն էլ ուներ. նա ասաց, որ վերանորոգված մանկապարտեզում ընդամենը 12 երեխա կա, դպրոցում՝ նույնպես, և ''սենց որ գնա՝ գյուղը կհատի'':

Այս զրույցից հետո, սակայն, գյուղացին, ում անունը Սպարտակ է, ''168.am''-ի հետ զրույցում ասաց, որ իր երեխաները Ռուսաստանում չեն, և ինքը Ռուսաստանում երեխա չունի: Ասաց, որ իր երկու տղաներն էլ Հայաստանում են, մեկը՝ գյուղում իր հետ է ապրում, մյուսն էլ՝ ''բերդում զինվորական ա աշխատում'':

Հարցին, թե Սերժ Սարգսյանի հետ Ռուսաստանում գտնվող ո՞ր երեխաների մասին էիք խոսում, Սպարտակ պապիկը պատասխանեց. ''Գյուղացոնց համար էի ասում'',- գրում է ''168.am''-ը:

9746 | 88
Facebook