Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անժելա Սարգսյան. բացառիկ հարցազրույց

22:36, երկուշաբթի, 31 դեկտեմբերի, 2012 թ.
Անժելա Սարգսյան. բացառիկ հարցազրույց

''168.am''-ը զրուցել է դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ
    
     - Որտե՞ղ եք նշելու Ամանորը:

- Տանը՝ նեղ ընտանեկան շրջապատում, ինձ համար ամենահարազատ մարդկանց հետ:

- Ի՞նչ տվեց 2012 թվականը, ո՞րն էր այս տարվա ամենանշանակալի իրադարձությունը, ի՞նչ տվեց այն Ձեր դերասանական կարիերայում:
    

     - Բեղուն աշխատանքային տարի էր… Եղան նաև հյուրախաղեր: Իսկ ամենագլխավոր իրադարձությունը ձագուկիս դպրոց գնալն էր: Իհարկե, միայն դպրոցով չենք բավարարվել, նաև` պար, կիթառ և դաշնամուր:

- Որքան գիտենք` թատրոնում Ձեր դերերն ավելացել են, իսկ կինոյում այլևս չեք նկարահանվում, ինչո՞ւ:
    

     - Այո, թատրոնը, իմ կարծիքով, ավելի մոտ է արվեստին… Բացի այդ, զբաղվածությունս բավականին շատ էր այս տարի, կարևորել եմ կարևորը…

-Ո՞րն է Ձեր երազած դերը:
    

     - Յուրաքանչյուր դեր, որտեղ դերասանը աշխատելու տեղ ունի, կարելի է ասել` ցանկալի է: Իսկ ինձ համար գայթակղիչ են լուրջ հոգեբանական վերլուծություն պահանջող դերերը:
    
     -Կա՞ որևէ դեր, որը Ձեզ համար անընդունելի է:
    

     - Այո, անբարոյական մարդու… ամեն սրբությունից զուրկ մարդու կերպարը:

- Ձեր խաղացած դերերում փորձում եք մարմնավորել հայ կնոջ կերպարը, թե՞, այնուամենայնիվ, արվեստը ազգություն չի ճանաչում:
    

     - Կան դերեր, որոնցում մեծ հպարտությամբ մարմնավորել եմ հայ կնոջ կերպարը, սակայն, եթե ավելի գլոբալ նայենք` մարդը նույնն է ամենուր…
    
     - Ճանաչվածությունը Ձեզ համար բե՞ռ է, թե՞… Այն Ձեզ օգնո՞ւմ է թե՞ խանգարում:
    

     - Միշտ հաճելի է իմանալ, որ սիրված ես ժողովրդի կողմից: Ես փոխադարձ սիրով եմ լցված մարդկանց նկատմաբ և չեմ հասկանում, թե ինչպես կարող է ճանաչվածությունը խանգարել:

- Ի՞նչ է ազատությունը Ձեզ համար:
    

     - Ազատությունը դա ոճ է, ջազ, մտածելակերպ… թռչունի պես սավառնել…
    
     - Ինչպե՞ս եք վերաբերում քաղաքացիական հասարակությանը, ովքեր պայքարում են հիմնարար ազատությունների համար:

- Ես դերասանուհի եմ և ասում եմ, որ իմ գործը վատ չեմ կատարում: Քաղաքականությունը թող մնա քաղաքական գործիչներին…

- Ո՞րն է հայ մարդու հերոսի և հակահերոսի կերպարը:
    

     - Իմ հերոսի կերպարը հորեղբայրս է` Քաջիկ Սարգսյանը (ով զոհվել է Լաչինի ազատագրման ժամանակ` 1992թ.), Մոնթե Մելքոնյանն է… Հակահերոսներին աշխատում եմ չհիշել: Չեմ համարում, որ նրանք արժանի են պատմության հիշողությանը:
    
     - Պատրաստվո՞ւմ եք կրկին ամուսնանալ:
    

     - Կյանքը ցույց կտա: Այսօր իմ առօրյան, ապրելակերպը և ամբողջ կյանքը լցնում է իմ դուստրը՝ ամենաթանկ ու ամենասուրբ մարդն իմ կյանքում: Իսկ թե ապագայում ինչ կլինի՝ կյանքը ցույց կտա:

- Ձեր աղջիկը ցանկանում է դերասանուհի դառնալ: Դուք կօգնե՞ք նրան, թե՞…
    

     - Սա նույնպես ժամանակի խնդիր է: Կարծում եմ, որ նրա նախասիրությունները բազում անգամներ դեռ կփոխվեն, սակայն եթե… ապա, իհարկե, կօգնեմ:

- Դերասանի կյանքում ընտանիքը օգնո՞ւմ, թե՞ խանգարում է:
    

     - Ընտանիքը ամենակարևոր և սուրբ բանն է մարդու կյանքում, որի կոնտեքստում էլ կատարվում է աշխարհի ամենամեծ հրաշքը՝ երեխայի ծնունդը: Կարծում եմ, որ ընտանիքը ոչ մի դեպքում խանգարող չի կարող լինել, ուղղակի այդ ընտանքը պետք է ի սկզբանե կառուցված լինի լուրջ արժեքների վրա…
    
     - Ո՞րն է տղամարդու Ձեր իդեալը:
    

     - Սենեկայի, Էպիկուրի, Կանտի, Քամյուի փիլիսոփայության հիմքում դրված, բարձր բարոյականությամբ օժտված, մարդու կերպարը…
    
     - Առաջիկայում նախագահական ընտրություններ են: Հետաքրքրվո՞ւմ եք քաղաքականությամբ:
    

     - Ոչ, կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի…
    
     - Վերջին շրջանում շատ է խոսվում քաղաքականության և բարոյականության միջև կապի մասին: Որքանո՞վ է բարոյական քաղաքականությունը Հայաստանում:
    

     - Չեմ կարծում, որ իմ համեստ անձը պիտի դատի նման բարձր արժեքների մասին:

- Երբևէ մտածե՞լ եք արտերկրում ապրելու և աշխատելու մասին: Եթե այո, ապա որտե՞ղ:
    

     - Երևի թե իր կյանքում ամեն ոք է մտածել դրա մասին, այստեղ կարևոր է հոգևոր կապը հայրենիքի հետ: Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, իմ թատրոնը…

- 2013 թվականին ի՞նչ անակնկալներ ունեք հանդիսատեսի համար:
    

     - Նոր տարում նոր եռանդով ու նոր իմիջով եմ ներկայանալու հանդիսատեսին… մնացածը կուզեի,
     որ գաղտնիք մնար, որպեսզի ավելի հետաքրքիր լիներ…

45537 | 61
Facebook