Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խմբովի բռնաբարել են մտավոր խնդիր ունեցող աղջկան

11:41, հինգշաբթի, 23 օգոստոսի, 2012 թ.
Խմբովի բռնաբարել են մտավոր խնդիր ունեցող աղջկան

Խմբովի բռնաբարել են մտավոր խնդիր ունեցող աղջկան
     Մտավոր թեթև հետամնացություն ունեցող Նաիրան չորս տարի առաջ դասի գնալուց մոլորվել է ու խնդրել մեկին օգնել իրեն, իսկ արդյունքում սեքսուալ բռնության զոհ է դարձել:
     Դպրոցն ավարտելուց հետո սկսել է սովորել իրենց տանը մոտ գտնվող` Նոր Նորքում գործող 4-րդ արհեստագործակցական ուսումնարանում: Ամեն օր դասի գնալիս նրան դիմավորել և ուսումնարան է ուղեկցել եղբայրը:
     Դեպքի օրը` 2008թ. սեպտեմբերի 10-ին, աղջիկը նստել է ''78'' համարի երթուղային տաքսին և, բաց թողնելով համապատասխան կանգառը, հայտնվել է Դավթաշեն թաղամասում: Իսկ ահա այստեղ էլ հանդիպել է անծանոթ մի տղայի` այս գործով որպես մեղադրյալ անցնող 30-ամյա Արմենին և խնդրել զանգահարել եղբորն ու հայտնել իր գտնվելու վայրը:
     Իսկ Արմենը, համաձայն մեղադրականի, օգտվելով աղջկա անօգնական վիճակից, նրան ''13'' երթուղային տաքսիով տարել է ''Շողակաթ'' հեռուստաընկերության շենքի հարակից այգի, զանգահարել է գործով չպարզված ոմն Վոլոդյայի և կանչել: Նրանք էլ ճանապարհին առևտուր են արել, Նաիրային էլ հոգեպես ճնշելով և տուն տանելու խոստումներով տարել են Հրազդան գետի աջ ափին գտնվող հողամասերից մեկը: Այստեղ տղաները կանչել են նաև երրորդ ընկերոջը, ում ինքնությունը գործով չի պարզվել, և սկսվել է ''խրախճանքը'':
     Աղջկան ստիպողաբար ալկոհոլ են խմեցրել և նրա կամքին հակառակ սեռական բռնություն գործադրել: Իսկ հետո էլ նրան թողել են հողամասում ու հեռացել,- այս մասին հայտնում է yerkir.am-ը:
     Այս գործով դատավարությունը վիճաբանությունների փուլում է արդեն: Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրական իր ճառն է կարդացել դատախազ Ժիրայր Սահակյանը: Իր խոսքում նա նշել է, որ ամբաստանյալի մեղավորությունը լիովին ապացուցված է:
     Այս մասին փաստում են տուժողի, նրա հոր, եղբոր և այլ վկաների նախաքննական և դատավարության ընթացքում տված ցուցմունքները, ինչպեսև դատաբժշկական փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի` դեպքից հետո աղջկա կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված է եղել, ունեցել է մարմնական թեթևվնասվածքներ, քերծվածքներ:
     Համաձայն աղջկա հոր ցուցմունքի` աղջկա գտնվելուց հետո նրա շորերը կեղտոտված են եղել, դրանց վրա եղել են արյան հետքեր:
     Սակայն ամբաստանյալն իր մեղքը չի ընդունել և պատմել է, որ կանգառում իրեն հանդիպած Նաիրան խնդրել է զանգահարել ինչ-որ համարով, որը չի պատասխանել: Ավելի ուշ էլ նրա համաձայնությամբ են գնացել վերոնշյալ դեպքի վայրը` Հրազդանի ափին գտնվող հողամասը, որտեղ էլ երկու երիտասարդ են եկել, հարցուփորձ արել` թե ինչ իրավունքով են ներխուժել ուրիշի հողատարածք: Այդ տղաներն էլ խոսել են Նաիրայի հետ, իմացել, որ մոլորվել է... Իսկ ինքը որևէ կապ չունի Նաիրիայի բռնաբարության հետ:
     Արմենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով` մի խումբ անձնաց կողմից սեքսուալ բնույթի այլգործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինի կամ այլ անձինկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով: Այս արարքի համար պատիժ է սահմանվում 4-10 տարվա ազատազրկումը:
     Դատախազը միջնորդել է Արմենի համար պատիժ նշանակել 7 տարվա ազատազրկում` հաշվի առնելով այն մեղմացուցիչ հանգամանքները, որ նա նախկինում դատվածություն չի ունեցել, ամուսնացած է, խնամքին ունի 2 անձ, որոնցից մեկը մինչև 14 տարեկան երեխա է:
     Իսկ որպես ծանրացուցիչ հանգամանք նշվել է այն, որ նա չորս տարի շարունակ եղել է հետախուզման մեջ և չի ներկայացել նախաքննական մարմնին` իմանալով իր դեմ առաջադրված մեղադրանքի մասին:
     Արմենի երկու փաստաբանները պատրաստ չէին իրենց պաշտպանական ճառերը ներկայացնելու համար: Դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու օգոստոսի 29-ին:
     Հ.Գ. Հերոսների անունները փոխված են, քանի որ մեղադրյալի դեպքում դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ տուժող աղջկա դեպքում` հասկանալի պատճառներով:

54111 | 82
Facebook