Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Աստված Աղաջանյանի և Պապիկյանի հետ, իմ վերջին հույսը Դուք եք». Նարե Գրիգորյանը բաց նամակ է հղել վարչապետին

01:30, չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
«Աստված Աղաջանյանի և Պապիկյանի հետ, իմ վերջին հույսը Դուք եք». Նարե Գրիգորյանը բաց նամակ է հղել վարչապետին

Կառավարության գործերի կառավարչության նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին. «Հարգարժան պարոն Փաշինյան.
     Ես Ձեզ չեմ դիմի ինչպես նախկին աշխատողը՝ ղեկավարին: Ես Ձեզ դիմում եմ ինչպես մարդը մարդուն, լրագրողը լրագրողին, հայը՝ հային, առանց առավել ևս որ Դուք ժողովրդական վարչապետի համբավ ունեք:
     Ես էլ, հարյուր հազարավորների նման, հույսեր էի կապում Ձեր բերած նոր Հայաստանի հետ, բայց հիասթափությունից խեղդվում եմ այժմ:
     Կարճ և կոնկրետ: Ես՝ աշխատակազմի գործերի կառավարչության արդեն նախկին գլխավոր գործավար Նարե Գրիգորյանս, չդիմանալով գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի ճնշումներին, սպառնալիքներին, անհարկի նկատողություններին և վիրավորանքներին, դիմում եմ գրել և դուրս եկել աշխատանքից: Թղթով՝ ինքնակամ, փաստացի՝ յոթամյա անհայր երեխայիս թողնելով առանց գոյատևման միջոցների:
     Երկու ամիս ամեն օր երեկոյան 18:00-ին ես նրան խնդրել-աղաչել եմ, որ թողնի գնամ տուն, որովհետև առանց իր թույլտվության տուն գնալը նա համարում էր իմ կողմից իր անձի հանդեպ անձնական վիրավորանք: Թույլ էր տալիս, հաջորդ օրը մյուս աշխատողների ներկայությամբ գոռում, թե բա՝ "վեցը խփած տուն ես գնում":
     Խնդիրը ամենօրյա բնույթ էր կրում, և ես դիմեցի Էդուարդ Աղաջանյանին: Մեր միջև տեղի ունեցավ հետևյալ զրույցը (ափսոս չեմ ձայնագրել).
     ՆԱՐԵ - Կարելի է,պարոն Աղաջանյան:
     ԱՂԱՋԱՆՅԱՆ - Այո:
     ՆԱՐԵ - Ես,ճիշտն ասած, մի փոքրիկ, թվում է թե անմիտ հարցով եմ եկել:
     ԱՂԱՋԱՆՅԱՆ - Ասեք:
     ՆԱՐԵ - Իմ և իմ անմիջական ղեկավար Պապիկյանի միջև կոնֆլիկտ կա՝ կապված աշխատանքային օրվա վերջում իմ տուն գնալու հետ: Նա ինձնից պահանջում է, որպեսզի ես ավել մնամ աշխատավայրում, մինչև մոտավորապես 21-22-ը, իսկ ես չեմ կարող՝ տանը երեխան մենակ է այդ ժամերին:
     ԱՂԱՋԱՆՅԱՆ - Իսկ Դուք որ ժամերին եք ուզում գնալ:
     ՆԱՐԵ - Ժամը 18:00-ից 18"30-նն ընկած հատվածում:
     ԱՂԱՋԱՆՅԱՆ - Լավ, ես կասեմ այդ մասին Պապիկյանին:
     ՆԱՐԵ - Շնորհակալություն:
     Եվ ես դուրս եմ եկել Աղաջանյանի սենյակից, վերադարձել Պապիկյանի մոտ և տեղյակ պահել այս խոսակցության մասին:
     ՆԱՐԵ - Պարոն Պապիկյան, ես հիմա վերադարձա պարոն Աղաջանյանի մոտից:
     ՊԱՊԻԿՅԱՆ - Այսինքն?
     ՆԱՐԵ - Դե, խնդրեցի, որ թույլ տա, հավանություն տա՝ ժամը վեցին տուն գնալու համար:
     ՊԱՊԻԿՅԱՆ - Ինչ? Էդ ինչ ես ասում? Այսինքն դու թռել ես իմ գլխի վրայով? Քեզ ոնց թողեցին նրա մոտ? (արագ-արագ վերցնում է խոսափողն ու փորձում կապվել Աղաջանյանի օգնականի հետ) Դու էդ ով եղար,բոչկա ե°ս վրաս գլորում: Մյուսներից էլ մարդիկ եղան՝ բոչկա գլորողներ, տեսա°ր՝ ոնց դուրս թռան ստեղից:
     Նրա գոռոցների վրա ներս են մտնում տեղակալը, ավագ մասնագետերից մեկը և նույնպես սկսում գոռալ ինձ վրա:
     ՏԵՂԱԿԱԼ (հեգնանքով) - Տենց լավ չի, գնա միանգամից վարչապետի մոտ , եթե սենյակի տեղը չգիտես՝ կարող եմ ցույց տալ:
     ՊԱՊԻԿՅԱՆ - Ես քեզ հետ չեմ աշխատի, չեմ աշխատի:
     ՆԱՐԵ - Եթե չեք ուզում ինձ հետ աշխատել, հեռացրեք:
     Եվ ես դուրս եկա նրա մոտից:
     Երկուշաբթի՝ դրանից երեք օր հետո, Պապիկյանն ինձ արհամարհական տոնով ասաց՝ "դիմումդ գրի դուրս արի, միևնույն է՝ քեզ հետ չեմ աշխատի":Ես խնդրեցի գոնե մեկ ամիս ժամանակ տալ, չտվեց:

Հարգելի պարոն Փաշինյան: Հեղափոխությունն էլ եղավ՝ դարձյալ արդարություն չգտանք: Ես այսօր գործազուրկ եմ: Ամուսինս մահացել է երկու տարի առաջ, ծնողներիցս զրկվել եմ վաղ հասակում, միակ իմ հույսն ու լույսը իմ մինուճար զավակն է,որին պետք է մեծացնեմ: Նա ապագա զինվոր է,Հայաստանի Հանրապետության ապագա հպարտ քաղաքացի: Աստված Աղաջանյանի և Պապիկյանի հետ,իմ վերջին հույսը Դուք եք:
     Հ.Գ. - Չափից արագ, կարճ ժամանակահատվածում հրապարակի պարզ ու հասարակ տղաները չինովնիկ դարձան, ինչի համար ցավ եմ ապրում»:

17786 | 1
Facebook