Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անպատվաբեր «դրամահավաքն» արգելող կոչը փոխարինել «սեփական երեխայի կրթության մեջ պատվաբեր ներդրում» կոչով». Անահիտ Բախշյան

16:30, երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
«Անպատվաբեր «դրամահավաքն» արգելող կոչը փոխարինել «սեփական երեխայի կրթության մեջ պատվաբեր ներդրում» կոչով». Անահիտ Բախշյան

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, «Լույս» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել.

«Շատ ու շատ դպրոցներում, թեմատիկ գրավորների անցկացման հետ կապված, հասունանում է շատ լուրջ խնդիր՝ պայմանավորված դպրոցի նախահաշիվներում չնախատեսվող թղթի, պատճենահանող սարքերի և քարթրիջի հետ կապված ծախսերի հետ:

Մինչ այս այդ ծախսերը որոշ դպրոցներում հոգացել են ծնողական խորհուրդները, սակայն այսօր «դրամահավաք» երևույթը համատարած արգելվել է ու դպրոցները կանգնել են այս խնդրի առաջ: Այսօր այս մասին ահազանգել են մարզերից քիմիայի և կենսաբանության, աշխարհագրության, պատմության ուսուցչուհիներ, որոնց մտահոգությունն այն է, որ թեմատիկ գրավորների շրջանը շուտով սկսվելու է, իսկ իրենց դպրոցների նախահաշիվներում չունեն թղթի ու այլ ուսումնական ծախսերի համար նախատեսված գումար: Ըստ այդ ուսուցիչների, նախկինում տարեկան 500-ական դրամ էր հավաքում ծնողական խորհուրդն ու այն լիովին բավարարել է բոլոր առարկաների թեմատիկ գրավորներ անցկացնելու անհրաժեշտ ծախսերի համար: Հիմա ի՞նչ անեն այդ մանկավարժներն ու տնօրենները, եթե մի կողմից աշակերտ թվով ֆինանսավորման մեջ պետական միջոցներից այդ նպատակի համար գումար չի նախատեսվում, մյուս կողմից արգելվել է ծնողների կողմից ցանկացած նպատակի համար դրամահավաք: Իմ կարծիքով, քանի դեռ պետությունը չի կարող ուսումնական անհրաժեշտ գործընթացի ծախսերի համար գումար նախատեսել, հնարավոր չէ ծնողներին կողմնակից չդարձնել դրան: Հետևաբար, կարծում եմ` կրթության պետական լիազորված մարմինը պետք է հստակեցնի, թե ի՞նչն է համարում անպատվաբեր «դրամահավաք»: Ի վերջո, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով և դպրոցի օրինակելի կանոնադրության 102-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն «ծնողական խորհուրդն օգնում է դպրոցին՝ սովորողների հիմնական պարտադիր կրթությունն իրականացնելու գործընթացում»: Եվ քանի որ ծնողների կողմից այդ օգնությունն այս պահին կարող է լինել իրենց երեխաների պարտադիր կրթության իրականացմանը գումարով նպաստելը, հետևաբար այս տրամաբանությամբ կարելի է անպատվաբեր «դրամահավաքն» արգելող կոչը փոխարինել «սեփական երեխայի կրթության մեջ պատվաբեր ներդրում» կոչով ու այս գործընթացը նախատեսվի և վերահսկվի դպրոցների կառավարման խորհուրդների կողմից»:

13436 | 2
Facebook