Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Համոզիչ հաղթանակ». միջազգային լրատվամիջոցները՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

10:30, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
«Համոզիչ հաղթանակ». միջազգային լրատվամիջոցները՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները հայտնվել են միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դաշինքը հաղթեց Երևանի ավագանու ընտրություններում՝ հավաքելով ձայների 81,06%-ը»,- գրում է РИА Новости գործակալությունը:

Գործակալությունը հիշեցնում է, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքեց պաշտոնը հուլիսի 9-ին՝ իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներից հետո: «Նախկին քաղաքապետին մեղադրում էին ոչ արդյունավետ կառավարման համար: Բացի այդ, համացանցում հայտնվեցին նրա խոշոր կարողության մասին տեսագրությունները»,- հավելում է ռուսական լրատվամիջոցը:

Ռուսական մեկ այլ՝ Коммерсант պարբերականը, գրում է, որ «ՀՀ վարչապետի կողմից աջակցվող թեկնածուի՝ հումորիստ Հայկ Մարությանի հաղթանակն ակնհայտ էր գրեթե սկզբից»: «Այս ընտրությունները կարևոր քաղաքական նշանակություն ունեն ժողովրդի, ՀՀ քաղաքացու համար, քանի որ այդ ընտրություններով նրանք հաստատում ենք այն հաղթանակը, որը տոնեցին Հանրապետության հրապարակում»,- նշում է պարբերականը՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքը:

Кавказский узел-ը ներկայացնում է ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրությունների նախնական տվյալները:

«Համոզիչ հաղթանակ տարավ «Իմ քայլը» դաշինքը՝ դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանի գլխավորությամբ»,- իր հերթին, գրում է Deutsche Welle-ն՝ ընդգծելով, որ ընտրությունների ընթացքում լուրջ խախտումներ չեն արձանագրվել:

«Այժմ սպասվում են խորհրդարանական ընտրություններ»,- հավելում է պարբերականը:

«Հեղափոխությունից հետո առաջին ընտրությունները: Դիտորդներն այդ ընտրությունները քննություն համարեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար: Փաշինյանը, ով ճանաչված է հակակոռուպցիոն և տնտեսական բարեփոխումների իր դիրքորոշմամբ, դեռևս պայքարում է նախկինում իշխող՝ Հանրապետական կուսակցության դեմ: Ընտրություններից առաջ նա քաղաքացիներին կոչ արեց քվեարկել իր դաշնակիցների համար»,- ասվում է Երևանի ավագանու ընտրությունների մասին պատմող Al Jazeera-ի հոդվածում: Հոդվածում ասվում է նաև, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցությունը չէր մասնակցում ընտրություններին:

9848 | 0
Facebook