Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Նյու Յորք՝ Նիկոլ Փաշինյանի այցի նախաշեմին. «Ամերիկայի ձայն»

11:10, կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Նյու Յորք՝ Նիկոլ Փաշինյանի այցի նախաշեմին. «Ամերիկայի ձայն»

Կիրակի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք է ժամանում՝ մասնակցելու ՄԱԿ-ի գագաթաժողովի աշխատանքներին: Ժամանելուց անմիջապես հետո, մինչև ՄԱԿ, Փաշինյանը Նյու Յորքի Յեյլ ակումբում հանդիպելու է Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչներին՝ հանդիպում, որին տեղի հայերն անհամբեր են սպասում, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

ՄԱԿ-ի հարևանությամբ գտնվող Նյու Յորքի այս հնագույն ակումբում Հայաստանի վարչապետը ներկայացնելու է հայ համայնքին «Թավշյա հեղափոխության» ձեռքբերումներն ու հեռանկարները այդ թվում և Սփյուռքի համար: Երկուշաբթի Նիկոլ Փաշինյանը կայցելի Նյու Յորքի խոշորագույն Մետրոպոլիտեն թանգարանում օրերս բացված «Հայաստա՛ն» ցուցահանդեսը, որին ներկայացված է հայկական քրիստոնեական արվեստն ու գրականությունը:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի գագաթաժողովին, ապա դրա քաղաքական մասը հիմնականում նվիրված է լինելու Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանն ու Իրանի խնդրին և եթե նախորդ տարի Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի կողմից սուր քննադատության էր ենթարկվում, ապա այս տարի քննադատության կիզակետում է Թեհրանը:

«Իրանը շարունակում է խնդիր մնալ: Իրանի մատնահետքերը նշմարվում են աշխարհի բոլոր վտանգավոր կետերում», - Միացյալ Նահանգներն այս ընթացքում նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ չորեքշաբթի անցնելու է միջուկային զենքի տարածման կանխարգելմանը նվիրված հատուկ քննարկում: Քննարկմանը նախատեսվում է նաև այդ խնդրին նվիրված ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը: Թրամփի ելույթից ժամեր անց Նյու Յորքում հայտարարություն և ասուլիս է նախատեսում անցկացնել Իրանի նախագահ Հասան Ռուհանին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում նախատեսվում է երեքշաբթի երեկոյան: Դրանից բացի երկուշաբթի և երեքշաբթի ՄԱԿ-ում ծրագրված են վարչապետ Փաշինյանի մի շարք ղեկավարների հետ երկկողմ հանդիպումներ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հատուկ երկկողմ հանդիպում դեռևս չի նախատեսված, սակայն, երկու պետությունների ղեկավարները կհանդիպեն երկուշաբթի երեկոյան Դոնալդ Թրամփի կողմից ՄԱԿ ժամանած ղեկավարների պատվին կազմակերպվող հատուկ ընդունելությանը:

Թրամփ-Փաշինյան առանձին հանդիպման գաղափարը բարձրացրել էին Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ, ովքեր կոչ էին արել Դոնալդ Թրամփին հատուկ հանդիպում անցկացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Փորձագետների խոսքով սակայն, այս պահին նման բանակցությունները վաղաժամ են, քանի որ ձևավորված չէ բանակցությունների օրակարգ և հանդիպումը կարող է կրել միայն բարի կամքի դրսևորման բնույթ: Սպիտակ տան նախկին աշխատակից Արամ Բախշյանի խոսքով, Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև չկան սուր խնդիրներ, որոնց կարգավորման համար անհապաղ հանդիպում պահանջվեր: Քեննեթ Խաչիկյանը, ով երկար տարիներ պատրաստել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի ելույթները, ի դեպ, հենց նա է հեղինակը այն հայտարարության, որտեղ նախագահ Ռեյգանն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, նշում է, որ ՄԱԿ-ի գագաթաժողովը բարի կամքի հանդիպումներ կազմակերպելու լավագույն ժամանակաշրջանը չէ, քանի որ հարյուրից ավելի այլ երկրների ղեկավարներ նույնպես ցանկանում են հանդիպել ԱՄՆ-ի նախագահին.

«Հայաստանը փոքր երկիր է և ռազմավարական չափազանց բարձր նշանակություն չունի Միացյալ Նահանգների համար: Հույս ունեմ, այս նոր ղեկավարության օրոք, որը պայքարում է կոռուպցիայի դեմ, Հայաստանը ձեռք կբերի ռազմավարական այդ նշանակությունը»:

| | |
2712 | 0