Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շատերը, տարված Երևանի ավագանու ընտրություններով, աչքաթող են անում մի կարևոր փաստ». Արթուր Սաքունց

10:25, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
«Շատերը, տարված Երևանի ավագանու ընտրություններով, աչքաթող են անում մի կարևոր փաստ». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանում ժողովրդավարությունը դժվարությամբ, դեգերումներով, բայց իրականություն է դառնում։ Շատերը, տարված Երևանի ավագանու ընտրություններով, ակամա աչքաթող են անում մի կարևոր փաստ։ Առաջին անգամ Հայաստանում գործադիր իշխանության կազմում ներկայացված կուսակցություններն առանց Բաղրամյան 26-ի հետ որևէ նախնական պայմանավորվածության` որպես իրավահավասար կուսակցական միավորներ մրցակցում են ընտրողների վստահությունը ստանալու համար։

Այոʹ, կան խնդիրներ բառերի, արտահայտությունների հետ կապված, բայց միանշանակ չկա որևէ թեկնածությունն առաջադրած կուսակցության կողմից նախօրոք Բ26-ի հետ համաձայնեցված, նրա կողմից հրահանգավորված, նրա հետ պայմանավորված տեքստեր, չափավորած, գծված վարքագիծ։

Որևէ կուսակցություն Բ26-ից այդպես էլ նախօրոք չստացավ պայմանավորված մրցախաղի համար «հոնորարները»։ Երևի տխրել են քաղաքական կոռուպցիայի եկամուտից զրկվելու պատճառով, բայց դա միայն իրենց տխրությունն է։ Բնականաբար չունենալով նախորդ ժամանակաշրջանում ազատ արտահայտման հնարավորություն, չէր ձևավորվել նախընտրական քաղաքակիրթ պայքարի մշակույթ։

Այլևս որևէ սահմանափակումներ չկան ընտրողների նկատմամբ։

Չկան նախընտրական հանդիպումներին ընտրողներին ստիպողական բերման ենթարկելու գործողություններ, չկան վարչական ռեսուրսների կազմակերպված, զանգվածային և անպատժելի կիրառման երևույթներ, չկան ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային մարմինների, պետական այլ մարմինների աշխատակիցների, դպրոցների, մանկապարտեզների տնօրենների ներգրավմամբ ծնողների, ուսուցիչների՝ ընտրողների պարտադդիր ցուցակագրման գործողություններ, ընտրակաշառքների զանգվածային և կազմակերպված խոստումներ և գործողություններ իշխանությունների կողմից․․․․

Այդ և նման բնույթի նվաստացնող, խայտառակ անարգող, ամոթալի երևույթները այլևս չկան, և համոզված եմ, չեն լինելու․․․․․

Իրապես ժողովրդավարական սկզբունքները դժվարությամբ հաղթահարում են տարիներով արմատացած ավտորիտար գործելակերպի, պահվածքի ժառանգությունը․․․․

Քաղաքական իշխանությունը ուշագրավ կամք է դրսևորում Ժողովրդավարական մշակույթի ձևավորման ուղղությամբ, թեկուզ բացթողումներով, բայց հաստատակամորեն կարողանում է նաև հաղթահարել բազմաթիվ խոչընդոտները, որոնք պայմանավորված են այլևս պատմության արխիվն ուղարկված ավտորիտար կառավարումից մնացած ծանր ժառանգությամբ․․․․

Կա՞ն մտահոգություններ, այոʹ կան, բայց կա զարգացում․․․»:

11379 | 3
Facebook