Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հոգիս տակնուվրա եղավ, բոլորը մեզ հաց էին տալիս». Նիկոլ Փաշինյան

20:00, երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ.
«Հոգիս տակնուվրա եղավ, բոլորը մեզ հաց էին տալիս». Նիկոլ Փաշինյան

Ավան վարչական շրջանում ելույթ ունենալով «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին, Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ իր համար այսօր դժվար է լինելու խոսել: «Այս թաղամասում հոգիս տակնուվրա եղավ: 2017 թվականի ավագանու ընտրությունների առաջին օրը ես քաղաքապետի թեկնածու էի: Այս թաղամասում մի տարօրինակ ու խորհրդանշական բան տեղի ունեցավ: Մենք անցնում էինք կրպակների արանքով, չգիտեմ էդ օրը մարդիկ ինչ էին լսել, ինչ էին իմացել, անընդհատ հաց էին հյուրասիրում մեզ, հացի փուռը, խանութը, սննդի կետը, մի քաղաքացի հաց հյուրասիրեցին մեզ: Եվ դա իսկապես շատ խորհրդանշական և ինձ համար անմոռանալի պահ էր: Երևի իմ քաղաքական գործունեության ամենակարևոր պահերից մեկը, որովհետև հացի ամեն պատառը կուլ տալիս ինձ համակում էր այն զգացողությունը, թե ես ուխտ եմ կնքում մեր ժողովրդի հետ այդ հացի միջոցով: Մենք կովկասցի ենք, հայ ենք և հացը մեզ համար ունի առանձնահատուկ արժեք: Եվ ինձ թվում էր, որ ես այդպես զգում էի, որ այդ հացով ես ուխտ եմ կնքում մեր ժողովդի հետ և այստեղ կանգնած ուրախ եմ ասել, որ այդ ուխտի պայմանը պահված է, որ այդ հացը հարամ չի արված և դու հաղթել ես, իմ ժողովուրդ, դու հաղթել ես: Եվ այդ ուխտն այսօր նոր փուլ է մտնում, այն գոյություն է ունենալու հավիտյան, որովհետև Հայաստանում այսուհետ գոյություն է ունենալու միայն ժողովրդի առաջ խոնարհվող իշխանություն»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:

20895 | 9
Facebook