Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կադաստրի կոմիտեն ծառայողական 75 ավտոմեքենաներից 41-ը կվերադարձնի պետությանը

18:55, երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ.
Կադաստրի կոմիտեն ծառայողական 75 ավտոմեքենաներից 41-ը կվերադարձնի պետությանը

ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգին ամրացված ծառայողական 75 ավտոմեքենաներից 41-ը՝ եղածի մոտ 55 տոկոսը, կվերադարձվի պետությանը: Այս մասին հայտնում են կոմիտեի լրատվական ծառայությունից:

Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանը հանձնարարական է ստացել այսօրվանից սկսել մեքենաները ՀՀ պետգույքի կառավարման վարչությանը հանձնելու գործընթացը։

Ծառայողական 75 ավտոմեքենաներից 48-ն այժմ Կոմիտեի աշխատակազմի, 27-ը «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տրամադրության տակ են։ Երկուշաբթի հրավիրած աշխատանքային հերթական խորհրդակցությանն աննախադեպ այս որոշման մասին հայտնելիս Կոմիտեի ղեկավարը փոխանցել է նաև, որ վերադարձվելիք մեքենաների թիվը, ինչպես նաև պահելիք 34-ի բաշխման հաշվարկն արվել է ճշգրիտ չափանիշներով՝ «բոլորին նույն մոտեցումը» տրամաբանությամբ.

«Շատ հստակ մոտեցում ենք մշակել, այսինքն, այնպես չի լինի, որ այսինչ պաշտոնյան ըստ մեր մշակած չափանիշների ծառայողական մեքենա չպետք է ունենա, բայց բացառության կարգով նրան մեքենա տրամադրվելու է»։

Նույն սկզբունքով են իրագործվելու նաև Կոմիտեում աշխատանքային սենյակների, առանձնասենյակների վերադասավորումները և ֆինանսական խնայողութունների հաշվին պարգևավճարների տրամադրումը. «Մոտեցումը հետևյալն է, որ մենք մեր խնայողությունները պետք է վերադարձնենք մեր բոլոր աշխատակիցերին և դարձյալ՝ արդար, հավասարության սկզբունքով»։

Կոմիտեի ղեկավարի տեղակալ Աշոտ Մուսայանի հետ Սարհատ Պետրոսյանն օրերս ընդունել է Երևանի և Մարզերի միավորված ստորաբաժանման ռեգիստրներին։ Հանդիպմանը նա հայտնել է, որ Հանրապետության բոլոր ռեգիստրներին օգոստոս ամսվա համար պարգևավճար կտրամադրվի։

Այսօրվա խորհրդակցությանն այս մասին աշխատակիցներին տեղեկացնելով, Սարհատ Պետրոսյանն ավելացրել է, որ դա արվում է որպես «ռեգիստրների ռիսկային և պատասխանատու աշխատանքն արժևորելու, բարձր գնահատելու հավաստիք»։

Կազմակերպական ներքին հարցերի քննարկումից առաջ Կոմիտեի ղեկավարն այսօրվա խորհրդակցությանը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ «անբավարար» է գնահատել «ՇԱՆԹ 2018» զորավարժությունների անցկացման ընթացքը Կադաստրի համակարգում։ Թե ինչու էր ընթացքն ադպիսին, ծառայողական քննությունը ցույց կտա։ Իսկ մյուս խնդիրները, որոնք զորավարժությունների ընթացքում ի հայտ եկան ամեն ինչից անկախ, պետք է լուծվեն շատ շտապ՝ մինչև տարեվերջ։

3730 | 0
Facebook