Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեմպիոնները որ գալիս էին, ավտոներ, տներ էր տալիս... 3 օրով գազի գինը թանկացնում էին 200 դրամով». գազալցակայանի աշխատակիցները՝ Գագիկ Ծառուկյանի «բարեգործությունների» մասին

12:35, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
«Չեմպիոնները որ գալիս էին, ավտոներ, տներ էր տալիս... 3 օրով գազի գինը թանկացնում էին 200 դրամով». գազալցակայանի աշխատակիցները՝ Գագիկ Ծառուկյանի «բարեգործությունների» մասին

Վերջերս MAMUL.am լրատվական գործակալությունը հրապարակել էր մի քանի նյութ, որոնցում քաղաքացիները ներկայացնում էին Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, տարիներ շարունակ տեղի ունեցած պարտադրանքներն ու աշխատանքի շահագործման դեպքերը: Նյութերի հրապարակումից Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ փորձեց հասնել նրան, որ նյութերը հեռացվեն և հրապարակվի հերքում, ինչպես նաև խմբագրությունը հրապարակային ներողություն խնդրի: Ստանալով մերժում, Ծառուկյանը դիմեց դատարան:

Զուգահեռաբար, մեր խմբագրությունը քաղաքացիներից նոր տեղեկություններ է ստանում վերոնշյալ թեմաների վերաբերյալ:
     Ուշագրավ է հատկապես այն տեղեկատվությունը, համաձայն որի, մարզիկներին տրամադրվող օգնությունը կատարվել է ոչ թե Ծառուկյանի անձնական միջոցների հաշվին, այլ՝ գազ լիցքավորող վարորդների, սակայն ներկայացվել է որպես՝ «բարեգործություն»:

Այսպես. Գագիկ Ծառուկյանի գազալիցքավորման կայաններում աշխատող աշխատակիցների տրամադրած տեղեկությունների համաձայն, 2010-2014թթ., եթե Ծառուկյանի հովանավորյալ որևէ հայ մարզիկ միջազգային մրցաշարերում մեդալ էր վաստակում, ապա, մինչ նրա Հայաստան վերադառնալը, գազի լիցքավորման արժեքը 3 օրով ավելացվում էր 200 դրամով:

Ներկայացնում ենք աշխատակցի ներկայացրած փաստերի բառացի սղագրումը. «...Չեմպիոնները, որ գալիս էին... էդ Եվրոպայի, օլիմպիադայի, որ ավտոներ էր տալիս, տներ էր տալիս... էդ ժամանակ, երբ որ իրանք գալիս էին... էդ գալու ժամանակ 3 օր գազը թանկացնում էին 200 դրամով... երեք օր: Ասենք գազն արժեր մի բալոնը 2000 դրամ, բարձրացնում՝ սարքում էին 2200 դրամ: Ու 3 օր: Առավոտը գալիս էիր, գինը գրած, կպցրած էր լինում, որ դարձել ա 2200 դրամ: Վարորդները գալիս՝ ջղայնանում էին... բայց դե ասում էին տենց ա... մի բան կանենք, կիջացնենք: 3 օր տենց ձգում էին ու նորից իջացնում էին 2000 դրամ: Էդ ավել 200 դրամները գնում էր չեմպիոնների նվերներին: Ինքն իրա գրպանից էլի չէր տալիս: 10 լիցքավորման կետ ուներ էդ ժամանակ: Դե հաշվեք: Ու տենց բարեգործություն էր անում: Շոֆերների հաշվին չեմպիոններին նվերներ էր տալիս ու ասում էին, որ ինքն ա տվել, «բարեգործություն ա» արել»:

Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով MAMUL.am-ը գրավոր դիմեց Գագիկ Ծառուկյանին: Նամակին պատասխանեց վերջինի խոսնակ Իվետա Տոնոյանը. «Գազալցակայաններում գազի գնի տատանման եզակի դեպքերը պայմանավորված են եղել բացառապես ամբողջ հանրապետության տարածքում գազի գնի բարձրացման հանգամանքով»:


     Ուշադրություն: Եթե Դուք տիրապետում եք նման տեղեկությունների, աշխատել, աշխատում եք վերոնշյալ ընկերություններում, կամ որևէ այլ ընկերությունում, որտեղ ոտնահարվել(ում) են ձեր իրավունքները, խնդրում ենք գրել մեկնաբանություններում, ուղարկել նամակ, կամ զանգահարել մեր խմբագրություն:

Տեղեկատվություն տրամադրող անձանց գաղտնիությունն ապահովվում է:

38581 | 17
Facebook