Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Բառը ես չեմ ընտրում, այն ինքն է գալիս՝ բարի լույսի նման». անավարտ մնացած վերջին հարցազրույցը Մարո Երկնափեշյանի հետ

01:05, ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ.
«Բառը ես չեմ ընտրում, այն ինքն է գալիս՝ բարի լույսի նման». անավարտ մնացած վերջին հարցազրույցը Մարո Երկնափեշյանի հետ

«Ես գրում եմ՝ ինչ աչքս ցույց է տալիս, հոգիս՝ տեսնում, ու ամբողջանում է զգացողությունս: Բառը հեչ, բառը ես չեմ ընտրում, այն ինքն է գալիս՝ բարի լույսի նման,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում դեռևս ամիսներ առաջ անկեղծացել էր տաղանդավոր ու սիրված բանաստեղծուհի Մարո Երկնափեշյանը: Սեպտեմբերի 13-ին Մարոն կդառնար 55 տարեկան:

Հարցազրույցի ժամանակ արդեն նա տառապում էր գլխուղեղի քաղցկեղից, բուժման կուրսեր էր անցնում, որոնք նրան այդպես էլ չօգնեցին: Մարոյի հետ հարցազրույցը, որ հավանաբար վերջինն էր, այդպես էլ անավարտ մնաց: Նա մահացավ 2018 թվականի ապրիլի 8-ին, նրա շիրիմն ամփոփված է հայրենի Կողբ գյուղում:

Մարո Երկնափեշյան
Մարո Երկնափեշյան

Գրել Մարո Երկնափեշյանն սկսել է 17 տարեկանից, թեև դեռ 3 տարեկանից պեզիան Թումանյանով մտել է նրա հոգու մեջ: «3 տարեկանում ողջ Թումանյանն անգիր գիտեի»:
     Գրում է Մարո Երկնափեշյանն այն ամենի մասին, ինչը զարմացնում է կամ էլ զայրացնում իրեն: Իսկ զայրացնում են մարդու ագահությունը, մեծամտությունը, սուտը, չարությունը, աղքատությունը, եսակենտրոնությունը, ազգադավությունը, նույնիսկ անպաշտպան մրջյունին տրորելը, մեծահարուստների դղյակների մոտակայքում աղբանոցները քջջող նախկին մանկավարժի, բժշկի, հացթուխի, ինժեների գոյապայքարը: «Երբեք մի թեման ինձ չի տարել»,- ասում էր նա:

***

Բոլոր նրանց համար ,
     Ում հղված է խոսքս,
     Բոլոր նրանց՝
     Ում, որ չի ուղղված,
     Անիմաստ չէ , բնավ,
     Բառերիս այս հոսքը,
     Թեկուզ փառքի ճամփից
     Դուրս եմ մղված։
     Գիտեմ,
     Հարցիս, այո,
     Դուք պատասխան չեք տա,
     Բայց պատին եք սեղմել
     Նյութը մտքիս,
     Որտեղի՞ց եք գալիս,
     Ես անուններ չեմ տա,
     Ե՞րբ եք ծլում՝
     Արև , թե ՞ անձրևին։
     Նույն այս հողի վրա,
     Նույն արգանդն է ծնում,
     Հավերժ պահեստային ազգասերներ ,
     Ձեզ էլ,
     Ո՞վ եկել է կռվից,
     Ով ընկել է կռվում,
     Ովքեր կյանքն էլ տալիս ՝
     Մահ են խեղդել։
     Նաև նրանց ,
     Ովքեր կան, չեն կորչում,
     Հող են հերկում էլի՝
     Ցորեն –հացի,
     Բոլոր նրանց ,
     Ովքեր ձեռք են բերել կոչում,
     Հացատուն են մտնում
     Առած կացին։
     Ձեր մի տեսակն, ահա,
     Թյուր կարծիք է ցրել,
     Ո՞վ եք, ու՞ր եք ընկել,
     Ի՞նչ եք անում,
     Մեզնից մեկը, իբրև,
     Օտար արտն է ջրել,
     Դուք էլ տեսել , իբրև,
     Ձայն չեք հանում։
     Եկեք,
     Թուք մի թափեք,
     Թույն մի թափեք,
     Հստակ,
     ՈՒ հերիք է , արդեն ,
     Հոգիներդ սևեք,
     Ես պայքարի դաժան
     Ճանապարհը չանցա,
     Որ դուք ,
     Թիկն տված,
     Վարքն իմ այլաձևեք։

***
     Անշուշտ, Մարո Երկնափեշյանի պոեզիան լեցուն է նաև սիրով. «Սերն աստծո պարգև է, քո արժանիքների գնահատականը: Չստացված սերն ավելի սիրուն է ու ապրեցնող: Մարդը սիրո պարպումից հետո սեր է փնտրում, այն խթանիչ ուժն է կյանքի: Դատարկ է այն մարդն, ով չի սիրել: Սերը սեփականության գիտակցումը չէ ամենևին: Այն անընդգրկելի է, տարածական, ինչպես տիեզերքն, ուստի այն քո ներսում է, բայց քոնը չէ, ինչպես իր կամ շարժվող կենդանի: Ես երբեք չսիրեցի մարդուն, որ իմը դարձնեմ: Դա սեր չէ , տիրելու, սեփականացնելու, ճորտացնելու վայրենություն է:
     Խանդոտ չեմ: Տալիս է՝ վերցնում եմ կամ չեմ վերցնում, չի տալիս՝ չեմ խլում, ուրեմն իմը չէր: Կարևորն իմ սերն է, որ ինձ ապրեցնում է»:

***

Կրակը դեռ տաք է
     Սիրուս պես,
     Աստղերը
     Երաշտ են գուշակում,
     Ծարավ եմ,
     Ինձ մի քիչ քնքշանք բեր,
     Աչքերս
     Ամպեր են քանդակում։
     Այտերս այրվում են դեռ՝
     Շոգի՞ց,
     Թե՞ մեկը
     Մեզնից է բամբասում,
     Կամ գուցե
     Հիշել ես ինձ նորից
     Ու քնքուշ
     Բառեր ես շշնջում։
     Ծիծաղում է հեռվում
     Դեղին բուն,
     Ու՞մ սիրտն է ուզում
     Ճոթ անել,
     Գիշերն այս գիշեր,
     Չունի քուն,
     Չի կարող մեզ
     Մտքիցն իր հանել։
     Մանում է
     Խրատն իր ոսկի,
     Լսիր
     Ու ականջիդ օղ արա,
     Ես արդեն
     Մոռացել եմ, իսկի՛․
     Քմահաճ էդ խաղդ,
     Թո՛ղ արա։
     Կրակը՝
     Կրակն է մեզ ծանոթ,
     Աստղերը,
     Երաշտը,
     Ես՝ վկա․․․
     Տարիքս թռչում է
     Ինչպես բոթ,
     Տանիքս անտեր է՝
     Թե չգաս։
     Երբ էլ գաս,
     Երեսով չեմ տա, ո՛չ,
     /առանց քեզ լուսավետ շող չկա/
     Չեմ ասի՝
     Դու կամ ես՝ մեղավոր․․․
     Եվ, կամ թե՝
     Երրորդն էր, ակամա։
     Հիմա ի՞նչ․․․
     Գալի՞ս ես, թե՝ գնում․․․
     Կրակը մարում է
     Սիրուս պես,
     Մի տհաս խնձոր կա երկնքում,
     Թե ընկա՜վ ․․․
     Կեսը՝ ինձ, կեսը՝ քեզ։

***
     Թե ինչու է նա երբեմն անհասկանալի մնում շրջապատի համար, պատասխանը գիտեր. «Ինձ կամ շատ են սիրում, կամ ատում են. միջինը դեռ չի եղել: Ինձ երբեք չեն դիտել իբրև սոսկ գոյություն: Ուղղակի իմ շուրջը կարող են խուճուճ պատմություններ հյուսել ու հավատալ դրանց: Դա իմ կանացի ծայրահեղ նրբությունից է գալիս և տղամարդուն հատուկ ուժից, որ հաճախ անհասկանալի եմ դառնում շրջապատում»:
     Իսկ դժվար է արդյոք լինել կին ու պոետ միաժամանակ, այն էլ՝ հայ իրականության մեջ: Մարո Երկնափեշյանն իր պատասխանն ուներ. «Կինը բնույթով բանաստեղծուհի է, կապ չունի՝ ինչ կերպ է դա դրսևորվում: Իմ ճամփան դժվար է եղել շպրտված քարերից: Դրա վկայությունն է այն, որ քսանհինգ տարի գրիչ չեմ վերցրել»: Ավելի անկեղծանալ բանաստեղծուհին չի կամենում, միայն խոստովանում է՝ դա իր համար նույնն էր, ինչ 28 օր հաց չուտելն ու 10 օր ջուր չխմելը:
     Մարո Երկնափեշյանը կենդանության օրոք հրատարակել է բանաստեղծությունների 3 ժողոված՝ «Հետընթաց թռիչք» (2016), «Մեղսածառ» (2016) և «Դարձ ի շրջանս յուր» (2017): «Տպագրվելու պատրաստ ունեմ ևս երեք ժողովածուներ, բնականաբար՝ հովանավոր չունենալու պատճառով աղջիկներս տունն են մնացել»,- ասում էր նա:
     Ու չնայած այս հարուստ գրական ժառանգությանը՝ Մարո Երկնափեշյանը ՀՀ Գրողների միության անդամ չէր, ինչը նրան քիչ է հուզում: Որպես գրող՝ մի երազանք ուներ միայն. «Մնալ ընթերցողիս սիրելին»:

Մարո Երկնափեշյանի 4 ժողովածուները
Մարո Երկնափեշյանի 4 ժողովածուները


     MAMUL.am-ի թղթակցի տեղեկություններով՝ շուտով ընթերցողի սեղանին կդրվի նաև Մարո Երկնափեշյանի թվով 4-րդ ժղովածուն, որը կկոչվի «Բաց թող փեշս, մոշի»:

***

Չխոնարհեք
     Դրոշներն աշտարակի,
     Ես ընկել եմ թեև,
     Կենդանի եմ, դեռ կամ,
     Ծունկս գետնին հենեմ,
     Կբարձրանամ էլի,
     Կելնեմ յոթ գազ հորից՝
     Մինչև անգամ։

Ինձ մահ չկա, երբեք,
     Չհավատաք գույժին,
     Եթե մատնված եմ,
     Խոցված՝ ուրացությամբ,
     Առասպելում թրծված,
     Սուրս թող չտուժի
     Կշռաթաթին արնոտ՝
     Մահ կամ ազատության։

Չխոնարհեք
     Դրոշներն աշտարակի,
     Եղեգնածին տղան,
     Ելած՝ հուրհեր ու բոց,
     Բաց կկանգնի ձեր դեմ՝
     Լանջեղ ու ձիգ,
     Եղեռնածին ոգու
     ՎրԵԺ սուրբ անունով։


     Չխոնարհեք
     Դրոշներն աշտարակի
     Քանզի ձոնն ի
     Գոյի՝ հավերժության,
     Հավաստում է
     Հայոց Լինելությամբ ազնիվ,
     Աստծո ժառանգակիր
     Գենն իր հզորությամբ։

Չխոնարհեք,
     Դրոշներն աշտարակի,
     Հայոց եռագույնի
     Երթով՝ եռաբլուր,
     Մեռնող - հառնող ﬕ ջիղ,
     Հաստատ, ոնց էլ լինի,
     Ոգեկոչման ժաﬕն
     Պրկվելու է ﬕ օր։

Մարո Երկնափեշյան «Լեռները Հայոց», կարդում է Մարո Երկնափեշյանը
Մարո Երկնափեշյան «Օրերս», կարդում է Մարո Երկնափեշյանը
Մարո Երկնափեշյան «Չուղարկված բարևագիր» կարդում է Հովհաննես Հարությունյանը
| | |
2123 | 0