Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կաջակցի ՀՀ և Վրաստանի կաթնամթերքի ոլորտին

00:30, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կաջակցի ՀՀ և Վրաստանի կաթնամթերքի ոլորտին

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից ֆինանսավորվող և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) կողմից իրականացվող ծրագրի շրջանակում, Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի հետ համագործակցությամբ, կազմակերպվեց երկօրյա աշխատաժողով՝ Հայաստանում և Վրաստանում կաթնամթերքի ոլորտի զարգացման թեմայով։

Աշխատաժողովի ընթացքում վերհանվեցին կաթնամթերքի արժեշղթայի ձևավորմանն առնչվող մարտահրավերները, ինչպես նաև ենթակառուցվածքների, ֆիզիկական պայմանների բարելավման, վերապատրաստման և կարողությունների զարգացման միջոցով ոլորտի կատարելագործման հնարավորությունները։ Մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանում և Վրաստանում իրականացված դեպքերի ուսումնասիրությունները։ Այս ապացուցահեն ուսումնասիրությունների նպատակն է պատկերացում տալ այն մասին, թե ինչպես կարող են կաթնամթերքի ոլորտում հնարավոր գործողությունները և բարելավումները հանգեցնել կաթնամթերքի որակի և անվտանգության մակարդակի բարձրացման՝ միևնույն ժամանակ բարձրացնելով արտադրողականությունը և արժեշղթայում ներգրավված անձանց եկամուտների մակարդակը։ Աշխատաժողովից ակնկալվող արդյունքներն են՝ քննել առաջարկված ռազմավարական և գործառնական զարգացման ուղղությունները, որոնք երևան են եկել դեպքերի ուսումնասիրություններից, ինչպես նաև առանցքային շահագրգիռ կողմերի շրջանում ձևավորել հիմնական համակարգման մեխանիզմներ՝ երկու երկրներում արժեշղթայի կատարելագործման նպատակով։ ՊԳԿ-ի Մասնավոր հատվածի հետ գործընկերության բաժնի ղեկավար Ռոդրիգո Կաստանյեդան ընդգծեց հետևյալը. «Կաթնամթերքի արժեշղթան պահանջում է բազմաթիվ շահագրգիռ կողմերի մասնակցություն ապահովող մոտեցում, որի արդյունքում գործընկերային հարաբերություններ են հաստատվում կառավարությունների, փոքր և միջին չափի գյուղատնտեսական ձեռնարկությունների, հետազոտական ինստիտուտների, խոշոր ընկերությունների և զարգացմանն աջակցող գործակալությունների միջև։ ՊԳԿ-ն աջակցում է կառավարություններին՝ բազմաթիվ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ այս երկխոսության հաստատման գործում՝ որպես Կայուն զարգացման նպատակներից բխող մարտահրավերները հաղթահարելու մի արդյունավետ մեխանիզմ»։ Կաստանյեդան նաև նշեց՝ «Անհրաժեշտ են ֆինանսական գործիքների և ներդրումների հասանելիություն, ինչպես նաև տարբեր մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան ձևավորել սիներգիաներ կաթնամթերքի փոքր արտադրողների, վերամշակողների և խոշոր ընկերությունների միջև»։

Մասնակիցների թվում էին երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների և պետական իշխանության այլ մարմինների, կաթնամթերքի ոլորտի բոլոր տեղական շահագրգիռ կողմերի, դեպքերի ուսումնասիրություններն իրականացրած գործընկերների, ինչպես նաև միջազգային աջակից կառույցների ներկայացուցիչները։ Նրանք բոլորը ներկայացրեցին իրենց տեսակետներն ու առաջարկները վերհանված արդյունքների իրագործելիության, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարելի է կատարելագործել ոլորտի դերակատարների կարողություններն ու հմտությունները և բավարարել նրանց ֆինանսական կարիքները։ Մասնակցեցին նաև միջազգային զարգացման և համագործակցության ոլորտի գործակալություններ, ներառյալ՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Ավստրիական զարգացման գործակալության, Ամերիկայի Միացյալ Նահանգների Գյուղատնտեսության դեպարտամենտի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Տեխասի «A&M» համալսարանի ներկայացուցիչները։ Այսպիսով, աշխատաժողովը հանդիսանում է մի կարևոր հանգրվան՝ պետական և մասնավոր հատվածների միջև առանցքային նշանակության երկխոսության ձևավորման ճանապարհին. այն առաջ բերեց գործնական և իրագործելի մոտեցումներ՝ ուղղված կաթնամթերքի ոլորտի արդյունավետության և ծախսարդյունավետության, ինչպես նաև ոլորտի ապրանքատեսակների որակի ու անվտանգության մակարդակի բարձրացմանը

17199 | 1
Facebook