Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիմֆոնիկ նվագախումբը համերգաշրջանի մեկնարկը կազդարարի Շոստակովիչի թիվ 8 սիմֆոնիայով

15:05, կիրակի, 16 սեպտեմբերի, 2018 թ.
Սիմֆոնիկ նվագախումբը համերգաշրջանի մեկնարկը կազդարարի Շոստակովիչի թիվ 8 սիմֆոնիայով

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին։ Համերգաշրջանի սկիզբը կազդարարվի մեծակտավ ստեղծագործությամբ. նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, երաժշտասեր հանրությանը կներկայացնի Դմիտրի Շոստակովիչի թիվ 8 սիմֆոնիան։

Սիմֆոնիկ մեծ կազմի համար գրված այս ստեղծագործությունը պատահական չի ընտրված։ Այն աշխարհում հազվադեպ կատարվող ստեղծագործություններից է, ունի սահմանափակ թվով ձայնագրություններ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը քառամյա ընդմիջումից հետո իր ունկնդրին է ներկայացնում այս գեղեցիկ, հզոր ու Շոստակովիչի արվեստի բոլոր նրբերանգներն ընդգծող գործը։

Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիան գրվել է 1943թ. ամռանը և առաջին անգամ կատարվել է նույն թվականի նոյեմբերի 4-ին՝ ԽՍՀՄ սիմֆոնիկ նվագախմբի կողմից և դիրիժոր Եվգենի Մրավինսկու ղեկավարությամբ, ում, ի դեպ, հեղինակը նվիրել է ստեղծագործությունը։

Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիային բնորոշ են մոնումենտալ երաժշտական կառուցվածքները, այն առանձնահատուկ է իր խորությամբ և դրամատիզմով։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19.00, հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ բացառիկ հնարավորություն ստեղծելով երաժշտասերներին ունկնդրելու համաշխարհային երաժշտարվեստի գլուխգործոցներից մեկը։

2855 | 1
Facebook