ՀՀ-ում այսօր տեղի է ունենում անզիջում պայքար կոռուպցիայի դեմ: Այս մասին այսօր Մոսկվայում ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում ունեցած ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ մենք սկսում էինք պայքարը կոռուպցիայի դեմ, շատ ազդակներ էինք ստանում, որ բիզնեսը, բիզնեսմենները լարվում են այդ կապակցությամբ: Եվ ես միշտ ասել եմ և էլի եմ ասում, որ բիզնեսն այդ կապակցությամբ լարվելու պատճառ չունի: Մենք բոլորս հասկանում ենք, որ եթե երկրում եղել է կոռուպցիոն այդպիսի վիճակ, բազմաթիվ գործարարներ, ովքեր աշխատել են այդ միջավայրում, իրենք ստիպված են եղել որոշակի պայմաններով և որոշակի կանոններով աշխատել: Բայց երբ որ մենք ասում ենք պայքար կոռուպցիայի դեմ, մենք նկատի չունենք և երբևէ նկատի չենք ունեցել պայքար բիզնեսի դեմ: Մենք նկատի ենք ունեցել պայքար կոռումպացված չինովնիկների դեմ»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ պայքարն այժմ որոշակիորեն դանդաղեցվել է, քանի որ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել:
«Չի կարող լինել այնպիսի սցենար, որ ես ներքաշվեմ կոռուպցիայի մեջ»,- հավելել է ՀՀ վարչապետը: