Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

17-ամյա հայ մարզուհին մեղադրանքներ է հնչեցրել իր մարզչի հասցեին

21:25, երեքշաբթի, 28 օգոստոսի, 2018 թ.
17-ամյա հայ մարզուհին մեղադրանքներ է հնչեցրել իր մարզչի հասցեին

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում 2017 թվականի հուլիսին կայացած մինչև 18 տարեկան աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ մեկ տարի առաջ, իր մենամարտից հետո, հավաքականի ավագ մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ապտակել և հայհոյել է իրեն։ MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց 17-ամյա Անժելիկայի հետ՝ պարզելու, թե ի՞նչ է տեղի ունեցել։

- Ես պարտվեցի, պարոն Մեհրաբյանն ինձ պարտվելու համար երկու անգամ ռինգում ապտակեց։ Մենամարտն ավարտվել էր, ես մոտեցա, որ ձեռնոցներս և պաշտպանիչ սաղավարտս հանի, ինքն ինձ երկու անգամ ապտակեց և հայհոյեց, որ ես պարտվել եմ։ Շատ վատ հայհոյանքներ է հնչեցրել իմ հասցեին։ Մենք երեք աղջիկներով ենք մեկնել մրցումների, և թիմակիցներիս՝ Անահիտ Արոյանի և Լիանա Մանուկյանի ծնողներին նույնպես հայհոյել է։ Երեքիս ընդհանուր նույնպես հայհոյել է։

- Այդ ամենը տեղի է ունեցել դահլիճո՞ւմ, մարդկանց ներկայությամբ և տեսախցիկների առկայությա՞մբ։

- Այո։ Բոլորը տեսել են։ Նա սթափ վիճակում չէր, ալկոհոլի ազդեցության տակ։ Նա անընդհատ խմում էր, միշտ հարբած էր։ Նա ամեն օր ավելի ու ավելի շատ էր խմում, ուշադրություն չէր դարձնում մեզ։ Մեզ հետ վրացի մարզիչ կար, նա էր մեզ ռինգ հանում։

- Փաստորեն ձեզ հետ է եղել վրացի մարզի՞չը, ոչ թե Ռաֆայել Մեհրաբյանը։

- Այո, վրացի մարզիչը՝ Զաալի Ջավախաձեն էր մեզ մարզում։

- Այդ դեպքում ինչպե՞ս է ռինգի մոտ հայտնվել Մեհրաբյանը։

- Մեհրաբյանը, կոպիտ ասած, անջատված էր, մեզ տիրություն չէր անում։

- Ավելի վաղ երբևէ հայհոյելու կամ հարվածելու դեպք եղե՞լ է։

- Ո՛չ, մարզումներին իրեն շատ նորմալ էր դրսևորում, ո՛չ հայհոյանք, ո՛չ քաշքշել։

- Եթե ապտակել և հայհոյել է, ինչո՞ւ այդ պահին խնդիրը չես բարձրաձայնել։

- Ես այդ պահին չեմ հասկացել, որ ինձ ապտակել և հայհոյել է։ Հետագայում եմ հիշել, որ ինձ ապտակել է ու հայհոյել։ Ծնողներս որոշել էին դատի տալ նրան։ Մենք վերադարձանք հայրենիք, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ասաց, որ պետք չէ դատի տալ, իրենք նրան կհեռացնեն։ Մենք համաձայն էինք այդ որոշման հետ։

- Առաջնությանը ձեր թիմը բաղկացած էր 3 մարզիկից և մեկ մարզչից։ Մյուս աղջիկները ներկա՞ էին միջադեպին։

- Այո, նրանք տեսել են։ Նրանք էլ են վիրավորված, որ իրենց հայհոյել են։ Նրանց ծնողները նույնպես բողոքել են։

Նշենք, որ MAMUL.am-ը լրագրողական հետաքննություն է անցկացրել՝ պարզելու միջադեպի հանգամանքները։ Բոլոր մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։

28767 | 1
Facebook