Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հատուկ հանձնաժողովը հաշվում է Արմավիրի մարզի հորդառատ անձրևի վնասները

12:30, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Հատուկ հանձնաժողովը հաշվում է Արմավիրի մարզի հորդառատ անձրևի վնասները

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 19-ին տեղացած հորդառատ անձրևներից տուժել էին Արմավիրի մարզի Շենիկ, Դարալիկ, Քարակերտ համայնքները։

Օգոստոսի 20-ի առավոտյան հեղեղված տարածք են այցելել Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Հովհաննիսյանը, ՋՕԸ աջակցող թիմի համակարգող Կարեն Դադոյանը։ Թալին-1 ջրանցքի՝ երկու գյուղերի սահմանակից հատվածում սարերից իջնող հեղեղաջրերն այնքան առատ են եղել, որ հեռացնող հեղեղատարն ի վիճակի չի եղել ամբողջովին տեղափոխել սելավաջրերը։

Գրեթե մեկ մետր բարձրության հասնող ջուրը հեղեղել է այգիները, հնձած առվույտները, լցվել է բնակելի տների նկուղները։

Ստեղծված իրավիճակին արագ արձագանքել են Արտակարգ իրավիճակների և Գյուղատնտեսության նախարարությունները, Ջրային կոմիտեն, Արմավիրի մարզպետարանը։

Շենիկ համայնքի ղեկավար Կորյուն Մինասյանը նշել է․ «Մեծ վնաս է հասցվել գյուղատնտեսությանը, մասնավորապես, հեղեղվել են ձմերուկի, վարունգի և բանջարաբոստանային կուլտուրաներ աճեցվող հողատարածքները»։

Ստեղծվել են հատուկ հանձնաժողովներ, որոնք, գյուղից գյուղ շրջելով, հաշվում են վնասի չափերը՝որպեսզի ներկայացնեն Կառավարությանը։ Շենիկ համայնքի ղեկավար Կ․ Մինասյանը շեշտել է․ «Վնասի չափման մեխանիզմները տարբեր ձևով են իրականացվում, երբ հանձնաժողովի վերջնական պատասխանը կլինի, նոր կկարողանանք ասել վնասի պաշտոնական չափերի մասին»։

3064 | 0
Facebook