Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարչապետ Փաշինյանի ելույթի իրավական հատվածը որոշակի մտորումների տեղիք է տալիս». Նորայր Նորիկյան

00:05, կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
«Վարչապետ Փաշինյանի ելույթի իրավական հատվածը որոշակի մտորումների տեղիք է տալիս». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչապետ Փաշինյանի երեկվա ելույթի իրավական հատվածը որոշակի մտորումների տեղիք է տալիս:
     Չգիտեմ, թե ովքեր են վարչապետին խորհուրդ տվել Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու, դատական համակարգի հասցեին այդպիսի կոշտ տոնայնությամբ արտահայտվելու և անցումային արդարադատություն իրականացնելու համար, այդուհանդերձ, իմ կարծիքով, նոր իշխանության առաջին 100 օրվա գործունեությունն իրավական հատվածում ավելի ճիշտ է և պետք է նույն տրամադրվածությամբ շարունակել, քան այն, ինչ նախատեսվում է իրականացնել:
     Գոնե ինքս վստահ եմ, որ առկա են բոլոր իրավական գործիքները՝ մեր երկրում օրինականության վերականգնման ու հաստատման, ինչպես նաև բոլոր մեղավորներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

Բացի այդ, մեկ անգամ ևս պնդում եմ, որ դատաիրավական համակարգում անհրաժեշտ է իրականացնել արմատական փոփոխություններ՝ սկսած սահմանադրական դատարանից, բարձրագույն դատական խորհրդից, գլխավոր դատախազությունից և մնացած մյուս համակարգերից անխտիր...
     Բայց դա պետք է իրականացնել օրենքի տառին համապատասխան՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության իրավական գործող ընթացակարգերը:
     Այն ինչ նախատեսվում է իրականացնել առաջիկայում, ռիսկային խաղադրույք է ապագայի նկատմամբ՝ անորոշ ելքով:

Որքան էլ որ արդարացված է Ազգային ժողովն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հասարակական պահանջը, այդուհանդերձ, իմ կարծիքով, ամենաճիշտ գաղափարը չէ փոփոխություն կատարել սահմանադրության մեջ՝ գոյություն ունեցող խնդիրը շրջանցելու համար: Ավելին, այն կարող է շատ վատ նախադեպ դառնալ:
     Այո՛, անկասկած, գործող սահմանադրությունը պետք է փոփոխվի և համապատասխանեցվի մեր զարգացման արդի պայմաններին ու պահանջներին, առավել ևս, երբ այն ընդունվել է Սերժ Սարգսյանի քմահաճույքով ու անձնական պատվերով, բայց այն պետք է իրականացնել խորհրդարանական ընտրություններից հետո, ավելի համբերատար ու հասարակական լուրջ քննարկումներից հետո:

Այս պայմաններում չեմ կասկածում, որ իրականացվող ներկայիս գործընթացներն ինքնըստինքյան բերելու են նրան, որ խորհրդարանն այսպես թե այնպես չի ընտրելու այլ վարչապետ, հետևաբար՝ Ազգային ժողովն էլ արձակվելու է իրավունքի ուժով:
     Ստացվում է, որ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու համար նախ պետք է ստիպել ու ճնշում գործադրել Ազգային ժողովի վրա՝ փոխելու սահմանադրությունը, այնուհետև նորից ստիպել՝ ինքնալուծարման մասին որոշում կայացնելու համար:

Այսպիսի ճնշումները կարող են պայթունավտանգ իրավիճակ ստեղծել երկրում, ուստի, իմ կարծիքով, միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար որևէ կարիք չկա փոփոխել սահմանադրությունը, առավել ևս, երբ այն իրականացնելու համար գործող ընթացակարգը հնարավոր է ապահովել առանց քաղաքական կատակլիզմի:

Ինչ վերաբերում է անցումային արդարադատության իրականացմանը, ապա կարծում եմ, որ այդ ինստիտուտը գործարկելու համար նախևառաջ պետք է պատասխանել հետևյալ հարցերին՝
     1. Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը գտնվում է անցումային փուլում, թե՞ ոչ, եթե այո, ապա որքա՞ն է տևելու այդ փուլը,
     2. Արդյո՞ք գոյություն ունեցող իրավական գործիքակազմը անհրաժեշտ ու բավարար չէ երկրում օրինականության վերականգնման ու հաստատման համար, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ի՞նչ չափորոշիչներով է որոշվել, որ այդ գործիքակազմերը բավարար չեն:
     3. Ի՞նչ կառույցներ են օժտված լինելու անցումային արդարադատություն իրականացնելու իրավասությամբ, ինչպե՞ս և ու՞մ կողմից են դրանք ձևավորվելու, ովքե՞ր են ընդգրկվելու այդ կառույցներում և ի՞նչ չափորոշիչներով:
     4. Արդյո՞ք բողոքարկելի են լինելու անցումային արդարադատություն իրականացնող մարմինների կողմից ընդունված որոշումները, թե՞ ոչ, եթե ոչ՝ ինչու՞, իսկ եթե այո, ապա ու՞մ պետք է բողոքարկվի և ի՞նչ իրավական ընթացակարգերով:

Հարցերն իսկապես շատ են և բոլորս յուրովի ունենք մեր մտահոգությունները:
     Այս իրավիճակում ինքս առաջնորդվում եմ «Պլատոնը ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» սկզբունքով, և մնում եմ այն համոզմանը, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին պետք է սևեռվի միայն ու միայն հնարավորինս արագ արտահերթ խորհդրանական ընտրություններ անցկացնելու խնդրի շուրջ, որից հետո, վստահ եմ, ստանալով հասարակության վստահությունը մեծամասնություն ձևավորելու համար, ինքնաբերաբար կստանա նաև լեգիտիմ իրավունք՝ Սահմանադրական դատարանում, բարձրագույն դատական խորհրդում, դատական համակարգում, գլխավոր դատախազությունում և մնացած այլ իրավական համակարգերում արմատական փոփոխություններ իրականացնելու համար…»:

14292 | 1
Facebook