Ժամկետային զինծառայող Հ.Մանգասարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, այդ թվում՝ զորամասի մայորին
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի՝ զորամասի հրթիռահրետանային սպառազինության պահեստապետին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ N զորամասի ծառայության պահեստում 2017թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի պայթյունաբեկորային վնասվածքներ էր ստացել նույն պահեստում աշխատանքներ կատարող, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանը։ Պահեստապետ, պայմանագրային զինծառայող Գ.Հյուսնունցը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ս.Ալումյանն ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել զինհոսպիտալ: Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Ա.Գրիգորյանը՝ կոչումով մայոր, խախտելով զորամասի ՀՀՍ պահեստում սպառազինության և ռազմամթերքի պահպանման կարգը, այն է՝ իրավունք չունենալով ՀՀՍ ծառայության պահեստ ընդունել վերջնական մարտական վիճակի բերված ՌԿԳ-3 տեսակի հակատանկային կումուլյատիվ նռնակները, 2016 թվականի ռազմական գործողություններից հետո դրանք ընդունել և պահել է պահեստում, որից հետո անմիջապես չի զեկուցել ըստ վերադասության։ Բացի այդ, անտեսելով ՀՀՍ պահեստում ցանկացած տեսակի զինամթերքի քանդման, մասնատման, տեխնիկական տեսակի որևէ աշխատանքներ կատարելու արգելքը՝ 2017 թվականի նոյեմբերի 4-ին նույն ծառայության պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Հյուսնունցին հանձնարարել է նշված նռնակները բերել ոչ մարտական վիճակի և դասավորել արկղերում։ Վերջինս, պարտավոր լինելով ՌԿԳ-3 հակատանկային կումուլյատիվ նռնակները պահել փակ արկղերում և բացառել զորամասի ՀՀՍ պահեստում ցանկացած տեսակի զինամթերքի քանդման, մասնատման, տեխնիկական տեսակի որևէ աշխատանքների իրականացումը, 2017 թվականի նոյեմբերի 4-ին նշված նռնակները ՀՀՍ ծառայության պահեստում բերել է ոչ մարտական վիճակի, դասավորել արկղերում։ Ավելին՝ այդ աշխատանքների կատարմանն ընդգրկել է նաև այլ զինծառայողների, նրանց թվում՝ Հ․ Մանգասարյանին: Արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել հակատանկային նռնակի պայթյուն, ինչի հետևանքով Հ.Մանգասարյանը մարմնի տարբեր մասերում ստացած պայթյունաբեկորային վնասվածքներից տեղում մահացել է, ժամկետային զինծառայող Ս.Ալումյանն ստացել կյանքին վտանգ սպառնացող ծանր, իսկ ժամկետային զինծառայող Մ. Մարգարյանը` թեթև մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գ.Հյուսնունցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 374-րդ հոդվածով (զինծառայողին վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական այլ գույքը, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերը, պայթուցիկ կամ շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող այլ սարքերը և առարկաները սահմանված կարգի խախտմամբ մեկ ուրիշին հանձնելը, եթե դա առաջացրել է մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ): Քրեական գործով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Ա.Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է: |