Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ Արա Զոհրաբյանը որոշեց ապօրինի կասեցնել Նիկոլայ Բաղդասարյանի արտոնագրի գործունեությունը». Երվանդ Վարոսյան

23:10, շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ.
«Ինչո՞ւ Արա Զոհրաբյանը որոշեց ապօրինի կասեցնել Նիկոլայ Բաղդասարյանի արտոնագրի գործունեությունը». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ինչո՞ւ այսօր Արա Զոհրաբյանը որոշեց ապօրինի կասեցնել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի արտոնագրի գործունեությունը։
     Արդյո՞ք նա չի գիտակցում, որ որոշումն անհիմն է։ Կարծում եմ գիտակցում է։
     Արդյո՞ք նա չի գիտակցում, որ այդ որոշումը չունի դատական հեռանկար։ Կարծում եմ Արման Մկրտումյանից հետո գիտակցում է, որ չունի։
     Արդյո՞ք նա չի պատկերացնում, որ այն պայմաններում, երբ նախկին «հովանավորների» հիմնական մասը հեղափոխությունը քշեց տարավ, լավագույն տարբերակն է հնարավորինս չերևալը (հատկապես, երբ ցանկացած հարցով երևալը գրեթե միշտ ֆիասկո է իր համար), համոզված եմ, որ գիտակցում է։
     Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչի համար էր այս ամենը, որն է սրա նպատակը։ Ես ունեմ իմ վարկածը, որը կներկայացնեմ հիմա, բայց արդիական կլինի քիչ ուշ։
     Արա Զոհրաբյանը շատ լավ հասկանում է, որ փոփոխությունների ալիքն անխուսափելիորեն հասնելու է նաև փաստաբանությանը, արմատական փոփոխությունների է ենթարկվելու Փաստաբանության մասին օրենքը, պալատն այս տեսքով այլևս գոյություն չի ունենալու, չեն լինելու այլևս «թագավոր» ու «արքունիք»։ Չի բացառվում, որ Փաստաբանների պալատի գործունեության ընթացքում սպասվում են նաև տարատեսակ խութերի բացահայտումներ։
     Ահա այս մտայնությունն է այսօր Արա Զոհրաբյանին ստիպել գնալ այս քայլին, նա հող է նախապատրաստում վաղը վրա հասնող փոփոխություններին «հակափաստարկ» մոգոնելու` ընդունելու զոհի կերպար, հայտարարելու, որ այդ ամենն ուղղված է իր անձի դեմ, թե անձնական վրեժ է կապված Նիկոլայ Բաղդասարյանի արտոնագրի կասեցման հետ։ Պալատի գործունեության քննադատությանը նման կերպ արձագանքելու հարուստ փորձ Ա.Զոհրաբյանն արդեն իսկ կուտակել է։
     Սակայն, նշել եմ նախկինում, հիմա էլ կրկնում եմ` էժանագին մանիպուլյացիաների ժամանակներն անցել են, ինքն իրեն «քաղբանտարկյալ» հայտարարելով աճպարարությունն այլևս չի անցնելու։
     Ուստի իմ վարկածով այս բազմաքայլը տապալված է դեռ չսկսված։

13414 | 0
Facebook