Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Մասնագետները՝ Սևանա լճում տիրող իրավիճակի մասին

22:50, շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
Մասնագետները՝ Սևանա լճում տիրող իրավիճակի մասին

Ինչպես հայտնել ենք, օրերս ահազանգ հնչեց Սևանա լճից: Տեսանյութում երևում էր, ինչպես է ջուրը կանաչ գույն ստացել, ինչն անհանգստացրել է բազմաթիվ բնասերների, բնապահպանների, գիտնականների և հասարակության լայն շերտերի: Այս երևույթի վտանգավորության և վնասակարության, ինչպես նաև Սևանա լճի «ճահճանալու» մասին քննարկումները դեռ չեն դադարում: Թեմայի շուրջ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը զրուցել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբիրելյանի հետ, ով ասել է. «Հիմնականում խնդիրն այն է, որ այս տարի բարձրացել է ջրի ջերմաստիճանը և ավելացել են կենսածին տարրերը, մասնավորապես՝ ֆոսֆորը: Այսօրվա դրությամբ անհանգստություն կա, որ էկոհամարգն ահազանգել է, որ պետք է ավելի լուրջ մոտենալ Սևանի հիմնախնդիրներին:

Մեր հարցադրմանը, թե արդյո՞ք այդ ջրիմուռները թունավոր են, պարոն Գաբրիելյանը պատասխանեց. «Այո՛, դրանք տոքսիկ ջրիմուռներ են, բայց դա չի նշանակում, որ դրանք թույն են արտադրում և մարդիկ մտնելով ջուրը թունավորվելու են: Այս երևույթն ամեն տարի լինում է, ուղղակի այս տարի ավելի շատ է եղել: Եթե դրանք կուտակվում են, կարող են ազդել, բայց դրանք շուտով մահանալու են՝ 1-2 շաբաթից լրիվ կմահանա, կիջնի, ջուրը կմաքրվի: Պարզ է, եթե մարդիկ մտնեն ու սկսեն կուլ տալ այդ զանգվածը, կարող է նաև վնաս լինել: Դրանք ձկների վրա չեն ազդում, կարող են ուղղակի ձկների մեջ կուտակվել, իսկ հետո, եթե մարդը շատ ուտի, էլի կարող է թունավորվել: Սա բավականին բարդ պրոցես է:

Մեր աշխատակիցներն այս պահին էլ նավով հետազոտում են լիճը, ջրիմուռները և առավել ճշգրիտ տեղեկատվություն հասանելի կլինի սեպտեմբեր ամսին: Սակայն, էլի եմ ասում, հիմնական պատճառը ջրի ջերմաստիճանի բարձրացումն է և ջրում հիմնականում ֆոսֆորի ավելացումը, որովհետև նորմալ չեն մաքրել, ջրահավաք ավազանից այդ ամբողջ զանգվածը քաղաքներից, կոյուղիներից լցվում է լճի մեջ և ավելանում է, պարզ է»:

Քաղաքացիներին անհանգստությանն անդրադարձավ նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ գրելով. «Համացանցում լուրեր են շրջանառվում, որոնցում ջրիմուռների բազմացումը Սևանա լճի ճահճացման երևույթ է գնահատվում։

Բնապահպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտնում է, որ «Սևան» ազգային պարկի համապատասխան մասնագետները, դեռևս հուլիսի սկզբին կանխատեսել էին լճի առափնյա հատվածներում, խորշերում, ինչպես նաև վատ ջրափոխության հատվածներում (ծանծաղուտներում և այլն) ջրի լայնածավալ «ծաղկման» պրոցեցներ, ինչն այդ հատվածներում կարող է հանգեցնել ջրի որակի վատթարացման։ Արդյունքում լճի այդ հատվածներում դիտարկվել են ջրի գույնի փոփոխություն (դեղնականաչավուն, կանաչավուն, կանաչաշագանակագույն), որն արտառոց բնույթ չի կրում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։ Նշված երևույթը կարող է տևել մինչև 2 շաբաթ, իսկ հաջորդ փուլը կարող է դիտարկվել նաև օգոստոսի 2-րդ կեսին։ Նշված երևույթը բնականոն գործընթաց է ո՛չ լճի էկոհամակարգի, և ո՛չ էլ մարդկանց կյանքի համար վտանգ չի ներկայացնում»:

Մասնագետները պնդում են, որ վնասը նվազագույն է, գործընթացը՝ բնական, վնասակարությունը ձգտում է նվազագույնի: Սակայն, ինչպես նշում է Բարդուխ Գաբրիելյանը, սա ահազանգ է լճի կողմից, որ խնդիրներն ավելի խորքային է անհրաժեշտ ուսումնասիրել:

«Սևանի» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանից աղբյուրը ճշտել է, թե ինչպիսին է այժմ իրավիճակը լճում. «Տարածվածությունը շատ էր, մի քանի օր առաջ նաև տիեզերական լուսանկար արվեց, որի վրա ջրիմուռների բավական մեծ ծավալ էր երևում, բայց նաև լուսանկարում երևում էր կալցիումի իոնների կախույթը, որը սառը և տաք ջրերի հանդիպման և խառնման արդյունքում է լինում, ինչը ապացուցում է մեր գիտական թեզը. մակերևույթի բարակ շերտը բավականին շատ է տաքացել և բնականաբար այդպես է լինում, երբ խորքային ջրերը և մակերեույթի ջրերը խառնվում են, տաք և սառը ջրերի բախումից, կալցիումի իոնները դառնում են անլուծելի և դա հստակ երևում էր տիեզերական լուսանկարի վրա՝ ինֆրոկարմիր սպեկտրով:

Անդրադառնալով առաջացած ջրիմուռների մեծ ծավալների մաքրման աշխատանքներին, Վահե Գուլանյանն ասել է. «Այս դեպքում, նախ, մաքրման աշխատանքներ կատարելու մեխանիզմ չկա, այսպես ասած: Սա հնարավոր չէ մաքրել, որովհետև սրանք միաբջիջ կենդանիներ են: Իհարե, եթե շատ մեծ կուտակումների, ալեհարությունների արդյունքում բերի այդ մասսան խտացնի ափամերձ հատվածներում, հնարավոր է մաքրել, բայց մենք ներկայումս այդ երևույթը չունենք:

Այս ջրիմուռները արտադրում են ագարանման զանգվածներ. ո՛չ թունավոր են, ո՛չ վտանգավոր են, ո՛չ կոնցերոգեն են, ո՛չ մի ինչ-որ վատ հատկություն չունեն: Քանի որ այս նյութերը ևս ջրից թեթև են և կուտակվում են ջրի մակերեսին, այն հատվածներում, որտեղ ժողովուրդը նկարում են՝ ինչ-որ փայտիկով կամ ձեռքով խառնում են, ասելով՝ «տեսեք, ջուրը դարձել է մածուցիկ», դրա արդյունքն է: Այն ներկի տեսք է տալիս: Սրա միակ վատ ազդեցությունը գեղագիտական տեսքի կորուստն է, միայն էստեթիկ տեսքն է վնասվում, իսկ էկոհամակարգին և մարդկանց այն վնաս պատճառել չի կարող և վտանգավոր չէ: Ամբողջ գործընթացը տևում է 14-15 օր մեկ պիկը: Այդ ժամանակահատվածում այն հասնում է ամենամեծ զանգվածներին, հետո սկսում է մահանալ, քանի որ սրանց կյանքի տևողությունը շատ կարճ է: Մահանալուց հետո նստեցում է, մի քանի օր ջրի թափանցիկությունը կփոխվի, դրանից հետո նորից կսկսեն գործել լճի օլիգոտրոֆ հատկությունները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
6525 | 0