Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Սանիթեք»-ին երևի թվում է, որ Երևանը որբի գլուխ է». Նաիրա Զոհրաբյան

21:10, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
««Սանիթեք»-ին երևի թվում է, որ Երևանը որբի գլուխ է». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեկ» ընկերությանը երևի թվում է, որ Երևանը որբի գլուխ է, և իրենք էլ այստեղ են` քաղաքից քերելու ինչ հնարավոր է։ Հատկապես այս օրերին քանիցս խոսել եմ թե՛ «Սանիթեկ»-ի ղեկավարության և թե՛ Երևանի քաղաքապետարանի հետ, սակայն մայրաքաղաքը ժամ առ ժամ դառնում է աղբակույտերի գերի։ Ուստի, քիչ առաջ պաշտոնական նամակ եմ ուղարկել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին, քանզի մեր Երևանը աղբի մեջ խեղդելը դա երևանցու` մաքուր և բարեկարգ քաղաքում ապրելուիրավունքի ոտնահարում է և ակնկալում եմ, որ Պաշտպանը մեզ հետ միասին հետևողական կլինի, որ տարբեր լեգիոներ կազմակերպություններ, որոնց երևի թվում է` ինչ ուզենան կանեն, հստակ պատասխանատվության կանչվեն, իսկ պարալիզացված քաղաքապետարանը գոնե այս հարցում մի քիչ թասիբ ունենա և իրականացնի իր վերահսկողական գործառույթները։

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
     ՊԱՐՈՆ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ

ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ ԹԱԹՈՅԱՆ
     Ինչպես հայտնի է, Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից մայրաքաղաք Երևանում աղբահանության իրականացումը սահմանված ժամանակացույցի խախտումներով և ոչ պատշաճ մակարդակով իրականացնելու վերաբերյալ խնդիրը վերջին օրերին հայտնվել է մեր բոլորի և նաև Ձեր ուշադրության կենտրոնում: Ոզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ այս լրջագույն հարցին։
     Չկա Երևանում որևէ համայնք, որը վերջին շրջանում թաղված չլինի աղբակույտի մեջ։ Եթե սա անգործություն է, ապա պիտի արժանանա հստակ գնահատականի։ Եթե սա սաբոտաժ է, կրկին պիտի համարժեք արձագանք լինի։ Մեր Երևանը աղբակույտերի մեջ թաղված ու գարշահոտություն տարածող քաղաք չէ, և ովքեր հասցրել են քաղաքն այս վիճակին, հստակ պատասխանատվության պիտի ենթարկվեն։ Հասկանալի չէ նաև Երևանի քաղաքապետարանի սաբոտաժային պասիվությունը և իր վերահսկողական գործառույթների իրականացումից հրաժարվելը։
     Հարգելի Պաշտպան, ակնկալում եմ, որ նաև Ձեր գործուն միջամտությամբ մենք միասին այս հարցին հնարավորինս արագ և արդյունավետ լուծում պիտի գտնենք։

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
     ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

6056 | 3
Facebook