Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՏՄՊՊՀ-ը 10 միլիոն դրամով տուգանեց «Ա և Գ» ընկերությունը՝ կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար

15:05, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
ՏՄՊՊՀ-ը 10 միլիոն դրամով տուգանեց «Ա և Գ» ընկերությունը՝ կեղծ օղի արտադրելու և իրացնելու համար

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «NEMIROFF» («ՆԵՄԻՐՈՖՖ») ապրանքային նշանի սեփականատեր հանդիսացող «Նեմիրոֆ Ինթելեքթյուըլ Փրոփըրթի Իսթեբլիշմնթ» ընկերությունը, հայտնելով, որ հայկական շուկայում առկա են նշված ապրանքային նշանով կեղծ օղիներ, ինչը որոշակիորեն խոչընդոտում է իրենց գործունեությանը:

ՏՄՊՊՀ-ն սկսել է ուսումնասիրություն, որի ընթացքում պարզել է, որ «NEMIROFF» ապրանքային նշանը 2005 թվականին գրանցվել է Մտավոր սեփականության գործակալության կողմից, ինչը նշանակում է, որ այն պաշտպանված է պետության կողմից:

Բացի այդ, «NEMIROFF»-ը ՀՀ-ում հանդիսանում է հանրահայտ ապրանքային նշան, և նշված անվանումով օղիները ճանաչում ունեն սպառողների շրջանում: Միաժամանակ Հանձնաժողովը պարզել է, որ սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում գործող «Ա և Գ» ընկերությունն արտադրում և իրացնում է նույն՝ «NEMIROFF» ապրանքային նշանով՝ «Український мед» անվանումով օղիներ:

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է նաև, որ «Ա և Գ» ընկերությունը չի ունեցել «NEMIROFF» ապրանքային նշանի օգտագործման թույլտվություն և վերջինիս կողմից այդ օղիների արտադրությունն ու իրացումը կարող են հասարակության շրջանում առաջացնել շփոթություն՝ իրական «NEMIROFF» օղիների նկատմամբ:

Հարկ է նշել, որ գրանցված ապրանքային նշանների նմանակման կամ դրանք առանց սեփականատիրոջ թույլտվության օգտագործման դեպքերը մշտապես գտնվում են Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:

Հանձնաժողովի գնահատականով, նմանատիպ դեպքերը մրցակցության տեսանկյունից խնդրահարույց են, քանի որ ընկերությունները մեծածավալ ծախսեր, ներդրումներ են կատարում՝ իրենց ապրանքային նշանի ճանաչվածության բարձրացման և պաշտպանվածության նպատակով, իսկ որոշ անբարեխիղճ ընկերություններ փորձում են օգտվել սպառողներին արդեն իսկ հայտնի ապրանքային նշանից՝ շուկայում առաջացնելով անհավասար մրցակցային իրավիճակ:

Նշենք նաև, որ «Ա և Գ» ընկերությունը նախկինում ևս նմանօրինակ խնդրով, սակայն այլ անվանմամբ օղիների գծով հայտնվել է Հանձնաժողովի տեսադաշտում: Մասնավորապես, 2016 թվականի կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված երկու անվանման օղիների գծով անբարեխիղճ մրցակցության գործողության իրականացման համար Հանձնաժողովը ենթարկել է պատասխանատվության՝ յուրաքանչյուր օղու գծով 5 մլն դրամի չափով: Վերը նշվածը հաշվի առնելով, Հանձնաժողովը «Ա և Գ» ընկերության գործողությունները որակել է որպես անբաեխիղճ մրցակցության դրսևորում և հաշվի առնելով ընկերության կողմից կատարված խախտման կրկնակիությունը՝ կիրառել է պատասխանատվության միջոց՝ կրկնակի՝ 10 մլն դրամի չափով և հանձնարարել սեղմ ժամկետներում վերացնել օրենքի խախտումները:

4790 | 1
Facebook