ՀՀ կենտրոնական հավաքակայանում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է ԱԱԾ-ի երեկվա բացահայտմանը:
Հիշեցնենք՝ բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Վերջիններս կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը:
«Նախկինում ևս եղել են նման բացահայտումներ, բայց զայրանալին այն է, որ նույնիսկ նման փոփոխություններից հետո, երբ կատաղի պայքար է մղվում գումարով բանակից ազատվելու դեմ, էլի հայտնվում են նման բժիշկներ, զինկոմներ: Կոչ եմ անում որևէ բուժաշխատողի նման պրոցեսում չներգրավվել, որովհետև նույն ճակատագրին են արժանանալու»,- ասել է նախարարը: