Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արարատ»-ը հայտարարություն է տարածել՝ ՀՖՖ-ի գործունեության շուրջ

19:20, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
«Արարատ»-ը հայտարարություն է տարածել՝ ՀՖՖ-ի գործունեության շուրջ

«Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել․

«Հարգելի երկրպագուներ,

Արդեն մի քանի տարի է ՀՖՖ-ն մշտապես խնդիրներ է առաջացնում «Արարատ» ակումբի համար՝ տարբեր անօրինական միջոցներով զրկելով թիմին չեմպիոնական տիտղոսներից։ Մասնավորապես, բոլորն էլ հիշում են 2008թ. «Արարատ» - «Փյունիկ» խայտառակ ոսկե խաղը, երբ մեզ ամեն գնով չթողեցին նվաճել չեմպիոնական տիտղոսը։ Այնուհետև, անհասկանալի պատճառներով զրկեցին ՈՒԵՖԱ արտոնագրից, և «Արարատը» հնարավորություն չունեցավ մասնակցելու ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փուլին։

«Արարատի» ղեկավարությունը մինչ 2008թ. լուրջ ներդրումներ է կատարել՝ փորձելով զարգացնել հայկական ֆուտբոլը։ Սակայն ՀՖՖ-ի տարիներ շարունակ, մեղմ ասած, անհարգալից պահվածքը, «Արարատի» ղեկավարությանը թույլ չտվեց իրականացնել իր առջև դրված նպատակները։ «Արարատի» ղեկավարությունը պատրաստ է կրկին մեծ ներդրումներ կատարել, եթե ՀՖՖ-ի նախագահը և աշխատակազմը հրաժարական ներկայացնեն։

«Արարատն» ամեն տարի կանգնած է մարզադաշտ գտնելու խնդիրի առջև։ ՀՖՖ-ն ոչ մի կերպ չի ցանկանում «Արարատին» տրամադրել որևէ մարզադաշտ՝ տնային հանդիպումներն անցկացնելու համար։ Մենք ստիպված ենք ամեն տարի նոր մարզադաշտում անցկացնել առաջնության տնային հանդիպումները։ Կարծում ենք ավելորդ է ևս մեկ անգամ նշել խայտառակ մրավարության մասին։ Բոլորին էլ քաջ հայտնի է, որ մրցավարները դաշտում կատարում են ՀՖՖ նախագահի հրահանգները։ Եվ բոլորից շատ այդ արատավոր երևույթից տուժել է հենց «Արարատը»։

Այն ինչ տեղի ունեցավ հունիսի 30-ին կայացած ՀՖՖ-ի արտահերթ նիստին, մենք որակում ենք ուղղակի խայտառակություն։ ՀՖՖ-ի նպատակն էր «Շիրակ» ՖԱ-ի ՀՖՖ-ին ադամակցության դադարեցումը։ Բացի այդ, նրանք ՀՖՖ-ի կազմ էին ներգրավում նոր անդամենրի, որոնց գործունեության մասին ոչ մի տեղեկություն չկար։

Իսկ այժմ, կարծում ենք, որ անցել են բոլոր բարոյական սահմանները և նոր թիմ են հայտավորում «Արարատ Արմենիա» անունով։ Մենք ցանկանում ենք հայտնել մեր խորին վրդովմունքը այդ կապակցությամբ, քանի որ «Արարատն» ունի տասնյակ տարիների պատմություն և համարվում է հայկական ֆուտբոլի վառ կետերից մեկը։

Պետք է նշենք, որ այս ամենը շփոթություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային լրատվամիջոցներում։ Այսպիսով, հուլիսի 12-ին տեղի է ունեցել միջազգային ընկերական հանդիպում ռուսական «Չայկա» և «Արարատ Արմենիա» թիմերի միջև, սակայն բոլոր կայքերում, որոնք գրել էին այդ հանդիպման մասին, նշված էր «Արարատ» Երևան, ինչպես նաև դրված էր մեր տարբերանշանը։ Սա մեր իրավունքների ոտնահարում է։ Հորդորում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային «ուշքի գալ» և լուծել այս հարցը, այլապես մենք ստիպված կլինենք դիմել կտրուկ քայլերի՝ հարցը բարձրացնելով սպորտային արբիտրաժային դատարանում։ Նշենք նաև, որ մեր շվեյցարացի և ամերիկացի բարձրակարգ իրավաբաններն արդեն իսկ աշխատում են այս հարցի շուրջ, և եթե ինչ-որ բան չփոխվի, ապա մենք նաև մեծ փոխհատուցում կպահանջենք ՀՖՖ-ից՝ այսպիսի ապօրինություն թույլ տալու համար»,- նշված հայտարարության մեջ։

4046 | 0
Facebook