Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մինչև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չդատապարտվեն, ոչինչ չեմ կարող ասել». Ռուբեն Հախվերդյան

12:10, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
«Մինչև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չդատապարտվեն, ոչինչ չեմ կարող ասել». Ռուբեն Հախվերդյան

«Ուզում ենք, որ Զարուհին քաղաքապետ լինի, գիտենք, որ խելացի աղջիկ է և շատ ավելին կարող է անել: Պետք է հասկանալ, թե այս քաղաքից ինչքան փողեր են լափվել»,- ասաց երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով միացել է քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին սատարող ակտիվիստներին:

Հարցին՝ Տարոն Մարգարյանի մասին տեսանյութ հրապարակվեց, Ձեզ այն զարմացրե՞ց, Հախվերդյանը պատասխանեց. «Այո: Իհարկե, գիտեի, որ լափվել ա, բաց էդ չափի չէի պատկերացնում...: Կուսակցությունները երևի մտածում են Զարուհին ծայրահեղական է: Բայց այնպիսի ծայրահեղ ժամանակներում ենք ապրում, որ մեզ պետք է ծայրահեղ ճշմարտությամբ նկարագրի, թե ինչքան է լափվել այս քաղաքից»:

Հարցին՝ դա միայն Զարուհի Փոստանջյա՞նը կարող է բացահայտել, երգահանը կարծիք հայտնեց, որ Զարուհին այդ հարցում ավելի խիստ է:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից բացահայտումներին և պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այդ քայլերը, Ռուբեն Հախվերդյանն ասաց, որ դրանք այնքան էլ բավարար չեն: «Կարծում եմ՝ շատ ավելի թափանցիկ պետք է արվի: Կան բաներ, որ երևի չեն ուզում ասեն, բայց պետք է ասեն: Երևի հետախուզական պատճառներով չեն բարձրաձայնում, բաներ կան, որ չպետք է ասեն»,- ասաց նա՝ հավելելով՝ «Մինչև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վերջնականորեն չդատապարտվեն, ես ոչինչ չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի համակիրներն այսօր հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ ի նշան աջակցության:

8368 | 0
Facebook