Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ այցից հետո կանգնում, տեսախցիկների առաջ ասում են՝ զենքով կխփենք, կգյուլլենք». վարչապետ

23:05, կիրակի, 15 հուլիսի, 2018 թ.
«Իմ այցից հետո կանգնում, տեսախցիկների առաջ ասում են՝ զենքով կխփենք, կգյուլլենք». վարչապետ

«Ապշել էի, երբ մարդիկ կային, Ջերմուկ իմ այցից հետո, կանգնում, տեսախցիկների առաջ ասում են՝ զենքով կխփենք, կգյուլլենք: Ոչ մեկ ՀՀ-ում չի կարող զենքով հարց լուծել ու ինչքան գիտեմ՝ ԱԱԾ-ն համապատասխան միջոցառումներ է ձեռնարկել հայտարարության հեղինակների նկատմամբ: Զենքով ոչ մեկ ՀՀ-ում հարցեր չի լուծելու: Ցանկացած այսպիսի հայտարարության հետևելու են իրավապահների գործողությունները»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ

2018 թվականի հուլիսի 6-ին հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինության կողմից, որ նույն օրը «Առաջին լրատվական» կայքին տված հարցազրույցում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հասցեին:

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը») հատկանիշներով:

2018 թվականի հուլիսի 6-ին Ա.Բ-ն և Ա.Ա-ն բերման էին ենթարկվել ՀՀ ԱԱԾ, որտեղ որպես կասկածյալ ցուցմունք էին տվել, որ սպանություն կատարելու վերաբերյալ արտահայտությունները լուրջ բնույթ չեն կրել, իրականում իրենք որևէ զենք չունեն, որևէ մեկի ընտանիքի անդամներից տեղյակ չեն, իսկ իրենց պայքարն Ամուլսարի հանքի շահագործման դեմ կրում է խաղաղ բնույթ և տարվում է բացառապես օրինականության սահմաններում: Նշված անձինք նաև հայտարարել էին, որ զղջում են կատարվածի համար և անընդունելի են համարում նման վարքագիծը: Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ էին կատարվել ՀՀ նշված քաղաքացիների բնակության հասցեներում, որոնց արդյունքում գործի համար էական նշանակություն ունեցող ոչինչ չէր հայտնաբերվել: Ա.Բ-ի և Ա.Ա-ի նկատմամբ կիրառվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

30968 | 27
Facebook