Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած իմ հիմնական տարաձայնություններից մեկն էլ հենց այդ խնդիրն էր». Հայկ Մարտիրոսյան

13:25, կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
«Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած իմ հիմնական տարաձայնություններից մեկն էլ հենց այդ խնդիրն էր». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զվաթնոց օդանավակայանի քանդման հարցով դեռևս 2016թ. խոսեցի այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Առաջարկեցի, որ կասեցնի քանդման աշխատանքները, որովհետև դա ճարտարապետական կարևորագույն կոթող է և Հայաստանն արտացոլող դիմագծերից մեկը: Աբրահամյանն ինձ պատասխանեց, որ դա այլ մասշտաբների հարց է, և քանի որ քանդման թույլտվությունը տվել է իր նախորդի՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը և որ այդ հարցը տարբեր շերտեր ունի՝ ինքն ուղղակի չի կարող և չի ցանկանում խանգարել քանդմանը:

Վարչապետի հետ ունեցած իմ հիմնական տարաձայնություններից մեկն էլ հենց այդ խնդիրն էր:

Իհարկե հետո, որոշ ժամանակ անց, հավաստի թվացող աղբյուրներից տեղեկացա, որ համաձայն իրենց տեղեկությունների՝ ենթադրաբար մի կողմից Էդուարդո Էռնեկյանի, իսկ մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի և կառավարության միջև պայմանավորվածություն է եղել որ թույլ են տալու քանդել՝ հասկանալի է՝ թե ինչ դրդապատճառներով: Պատահական չէ, որ մի քանի տարի անց Սերժ Սարգսյանն ազգային հերոսի կոչում շնորհեց խորապես ապազգային այդ գործարարին:

Անհրաժեշտ է օդանավակայանի հին համալիրը դուրս բերել Էռնեկյանի կորպորացիայի կառավարման ենթակայությունից և դրան պետական հուշարձանի կագավիճակ շնորհել: Անհրաժեշտ է նաև ստուգումներ սկսել օդանավակայանում և հասկանալ թե ուր են գնացել արգելափակոցներից տասնամյակից ավելի ստացվող եկամուտներն ու արդյո՞ք դրանցից վճարվել են հարկեր: Տարածաշրջանային ամենաբարձր գներ ունեցող Զվարթնոցի մեղքով է թերևս նաև, որ Հայաստանից և դեպի Հայաստան տոմսերն այդքան թանկ են, իսկ օդային տարածքը՝ մեռած:

Հայտնի է նաև, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր հենց Էռնեկյանին սեփականաշնորհել Հայփոստը, որի միակ հետաքրքրությունն Էռնեկյանի համար իրականում թերևս կայանում էր փոստային համակարգի՝ երկրի բոլոր գյուղերում և քաղաքներում ամենակենտրոնական հատվածներում անշարժ գույքի տիրապետման հանգամանքում:

Անհրաժեշտ է նաև Ազգային հերոսի կոչումը փրկել այն անպատվությունից, որում այն հայտնվել է ոչնչով իրեն որպես հայ չդրսևորող Էռնեկյանին շնորհվելուց: Կա նման ընթացակարգ թե ոչ՝ կարևոր չէ: Անհրաժեշտ է նախադեպ ստեղծել և չվաստակված այդ կոչումը հետ վերցնել արգենտինացի գործարարից:

Ընդհանրապես նոր ժամանակներում անհրաժեշտ է Հայաստանը քամող ներդնողներին խստորեն տարբերակել Հայաստանում բիզնես վարողներից: Եթե Հայաստանում միլիոններ են ներդնում, բայց ներդրածից ավելի թալանում՝ դա տնտեսություն ոչ թե խթանում այլ՝ խցանում է նշանակում»:

15055 | 0
Facebook