Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քարոզչական պատերազմում Հայաստանը դեռևս չի կարողանում կամ չի էլ փորձում օգտվել մեր կարևորագույն ձեռբքերումից». Վարդան Ոսկանյան

01:40, շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
«Քարոզչական պատերազմում Հայաստանը դեռևս չի կարողանում կամ չի էլ փորձում օգտվել մեր կարևորագույն ձեռբքերումից». Վարդան Ոսկանյան

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ակնհայտ է, որ այս օրերի ընթացքում Հայաստանը տարբեր տեղեկատվական հարթակներում ենթարկվում է ադրբեջանական քարոզչական հարձակման, որի ընթացքում մեր դեմ օգտագործվում են ոչ միայն անթաքույց սպառնալիքներ՝ դիցուք, Ադրբեջանի պաշտպանության նախարարի մակարդակով, այլ նաև ներհայկական վերջին բացահայտումների տվյալները, մինչդեռ մեր կողմից արձագանքը կարծես թե զրոյական է կամ զրոյականի ձգտող։

Հայաստանը, ցավոք, այս քարոզչական պատերազմում դեռևս չի կարողանում կամ չի էլ փորձում օգտվել մեր կարևորագույն ձեռբքերումից, որը մեր պետականության ամրապնդման այս շրջափուլում աներկբայորեն պետք է կիրառվի որպես հաղթաթուղթ նաև հենց մեր հանդեպ թշնամաբար տրամադրված և ներհայկական խոսույթից օգտվել փորձող հակառակորդի հետ պայքարում։

Խոսքը ժողովրդավարության և զանազան ազատությունների ոլորտներում Ադրբեջանից մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուր անգամ առաջ անցած Հայաստանի քաղաքական և հասարակական իրակույթների մասին է, որոնք ամեն անգամ պետք է մատնացույց անել ոչ միայն միջազգային տարաբնույթ հարթակներում, այլ նաև հենց ադրբեջանական հասարակությանը, որը մեղմ ասած, այդքան էլ խանդավառված չէ ալիևյան բռնապետական վարչակարգի գոյությամբ։

Այլ խոսքերով՝ քարոզչական բազմազան մեխանիզմների կիրառությամբ Հայաստանը պետք է հստակորեն ներկայացվի որպես նաև Ադրբեջանի հասարակության համար օրինակելի ժողովրդավարության և ազատությունների երկիր, ինչից պետք է բխեցվի, որ Բաքվի բռնապետական և մարդատյաց վարչակարգի ոմն, պաշտպանության նախարար կամ նույն վարչակարգին ծառայող «լրատվական» ռեսուրս սպառնալիք է հնչեցնում ոչ թե իրեն համարժեք հայկական կողմի, այլ եվրոպական մակարդակի ձգտող հայաստանյան ժողովրդավարության հասցեին կամ փորձում է հակաժովրդավարական նպատակներով աղճատել ներհայաստանյան ակնառու ձեռքբերումները»։

6165 | 2
Facebook