Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Այլևս լուսանցքի սերունդ չենք». Լիլիթ Դամիրյան

17:25, ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
«Այլևս լուսանցքի սերունդ չենք». Լիլիթ Դամիրյան

Ջերմոցային պայմաններում աճեցված մի փունջ երիտասարդ քաղաքական գործիչներին այսօր եկել է փոխարինելու Հայաստանի իրական երիտասարդությունը՝ ռեժիմի դեմ պայքարող քաղակտիվիստները, սիրված մտավորականներն ու ընդունելի քաղաքական ուժը։ Ռեժիմի կողմից բռնազավթված բոլոր ոլորտների հաստիքներն աստիճանաբար ազատվում են ու համալրվում միջինում՝ 27-45 տարեկան մինչ օրս ստվերում մտածող ու գործող երիտասարդներով։
     Ի՞նչ է սա նշանակում ամենից առաջ։

Եթե նույնիսկ, որպես չար երազ, ընդունենք, թե Սերժ Սարգսյանին պիտի փոխարիներ իր «իրավահաջորդը», ապա այդ «իրավահաջորդը» պիտի լիներ թոռան սերնդից։ Որտե՞ղ էր մնում, պայմանական ասած՝ Սերժ Սարգսյանի դստեր սերունդը։ Մեծ հաշվով՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չցանկացավ իր դուստրերի ամուսիններին տեսնել երկրի ամենապատասխանատու պաշտոններում, և դրանք վստահեց նույն այդ ջերմոցային ընտրյալներին։ Կարծում եմ՝ այս քայլերի համար հիմք են հանդիսացել ոչ միայն ներկլանային պայմանավորվածությունները, այլև՝ դրսի ուժերի «դաբրո»-ները։ Ո՞ւմ և ինչո՞ւ էր պետք, որ գրեթե 30-ամյա անկախ Հայաստանի մի ողջ սերունդ մնար լուսանցքում, ո՞ւմ և ինչո՞ւ էր պետք, որ մի ողջ երկրի բնականոն սերնդափոխությունը տեղի չունենար առհասարակ կամ գոնե՝ ժամանակին։
     Դե ինչ, եկեք պարզենք միասին։ 90-ականներին մեծացած սերունդն անշուշտ դաստիարակվեց հակախորհրդային և հակառուսական տրամադրություններով։ Այս սերունդը ազգային-ազգագրական երգեր երգեց ոչ թե այնպես հանգիստ, ինքնավստահ, ինչպես անկախության սերնդի մեր զավակները (ի ուրախություն մեզ), այլ այդ ազգային երգերը կատարեց՝ հիմնականում ի հեճուկս խորհրդային բարքերի։ Սա նշանակում է, որ բոլոր դեպքերում 90-ականների սերունդն իր աշխարհայացքը ձևավորեց ի հեճուկս մեկ այլ եղածի։ Եվ ցավալիորեն, որքան էլ նախորդ հրամցվածն ու պարտադրվածն արգահատելի էր, այնուամենայնիվ, օբյեկտիվ պատճառներով հանդերձ՝ ձևավորված «ընդդեմ ինչ-որ բանի» գործելու անհրաժեշտությունը խաթարեց այդ սերնդի հանգստությունը։ 90-ականների սերունդը դատապարտված էր ապրել «ԸՆԴԴԵՄ սովետական բարքերի» մտածելակերպով, որն էլ նրանց կարծիքով պիտի ապահովեր «ՀԱՆՈՒՆ Հայաստանի շահերի» տեսլականը։
     Սովետականից խորշելու ու նոր Հայաստան կառուցելու երազանքներով դաստիարակվեց 90-ականների սերունդը։ Բայց 1996-ից իշխանության եկածների կողմից կրկին բռնազավթված ժողովրդի իրական կարիքներն ու երազանքները նորից հեռացվեցին քաղաքական օրակարգից, և Ռուսական կայսրությունն անցավ ռուսաֆիկացման գործընթացին՝ նոր գործիքակազմով։ Բնական է չէ՞, որ հետխորհրդային Հայաստանի ռուսաֆիկացումը չէր կարող ընթանալ նույնքան կոշտ քայլերով, որքան խորհրդային ժամանակաշրջանում։
     Ռուսաֆիկացման առաջնահերթ խնդիրն էր՝ քաղաքական և առհասարակ տեսանելի արենաներում ագային ուժերի բացառումը։ Եվ եթե հատուկենտ ազգի հերոսներին, Արցախյան պատերազմի մասնակիցներին և մտավորականներին կարելի էր մեկուսացնել, բանտարկել, ապա ինչպես վարվել 90-ականների մի ողջ սերնդի հետ։
     Գործիք համար առաջին՝ ստիպել արտագաղթել։
     Գործիք համար երկրորդ՝ պարգևատրել և տեղ տալ մոլախոտերին կամ արժեքային համակարգ չունեցողներին։
     Վստահ եմ, որ հենց այս համատեքստում պետք է տեսնել ջերմոցային մի շարք գործիչների աճը՝ խորհրդային ժամանակներից եկող քաղաքական գործիչների թևի տակ։
     Իսկ տեսլականը մեկն էր՝ վիժեցնել մի ողջ սերունդ, խոչընդոտել պետության բնականոն սերնդափոխության և զարգացման գործընթացին՝ հանուն վասալային շահերի, ուրեմն՝ հանուն Հայաստան պետության իրական անկախացման բացառման։
     90-ականների սերունդն այդքանով հանդերձ մեծ հաշվով ապավինեց իր գաղափարախոսությանը, և տեղի ունեցավ զարմանալին, ֆենոմենալը․ 90-ականների սերունդը դաստիարակեց այն պատանիներին, այսօրվա նորաթուխ երիտասարդներին, ովքեր դարձան թավշյա հեղափոխության շարժիչ ուժը։
     Միջանկյալ օղակում հայտնված և այդտեղից էլ դուրս մնալու իրական վտանգի տակ հայտնված 90-ականների սերունդը նման կարգավիճակում ընտրեց լավագույն լուծումը՝ ճիշտ դաստիարակեց իր սերնդին՝ անկախության սերնդին։ Եվ հենց անկախության սերնդի ձեռքով էլ թագադրվեց՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։
     Այստեղից էլ՝ տարերայնորեն հաստատվեց սերունդների համերաշխությունը, կայացավ իրական սերնդափոխությունը, և պետությունը ձեռք բերեց ապրելու, փաստացի անկախանալու իրավունք ու հնարավորություն։
     Անփորձությունը՝ երիտասարդների արդյունավետ իշխանավարման թիրա՞խ, թե՞ գրավական:

Հեղափոխությունից հետո հաճախ ենք լսում նման արտահայտություններ՝ դե ջահել են, անփորձ են, կսխալվեն։
     Իհարկե ջահել են, և սա ինքնին առավելություն է։
     Իհարկե անփորձ են, որովհետև փորձելու համար նրանց ավագները մատը մատին չտվեցին։
     Իհարկե կսխալվեն, որովհետև աշխատողն է սխալվում։
     Միլիարդավոր դոլարների հասնող պարտքեր ժառանգելու մտահոգությունից դրդված՝ 90-ականների սերունդը կարող էր խուսանավել, կարող էր չստանձնել ծանր բեռի տակ կքած պետության իշխանությունը։ Կարող էր։ Բայց չխուսափեց, ավելին՝ հեղափոխություն իրականացրեց՝ ազատ ու երջանիկ Հայաստան կառուցելու երազանքով։
     Մեր բազմադարյա պատմության քառուղիներում եթե որոնելու լինենք նման իրադրություն և իրավիճակից հավասարակշռված, հեռահայաց և հետևողականորեն դուրս գալու լուծման նախադեպ, հավանաբար չգտնենք։

Այս պահին մենք ունենք արդար խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու բոլոր նախադրյալները։ Սխալվելը մեծ վնաս չէ, կարևորը՝ թույլ չտանք ՄԵԾ սխալվածների վերադարձը մեր կյանք՝ որևէ ձևաչափով։

Լիլիթ Դամիրյան

| | |
4837 | 0