Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀԿ նախագահը որպես աշխատակից է ձևակերպել աշխատանքի չհաճախած 10 անձի. յուրացվել է 2 միլիոն դրամ

19:40, հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
ՀԿ նախագահը որպես աշխատակից է ձևակերպել աշխատանքի չհաճախած 10 անձի. յուրացվել է 2 միլիոն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հասարակական կազմակերպության նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Հունիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել հաշմանդամ և անապահով երեխաների պաշտպանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Ըստ քրեական գործի նյութերի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի միջնորդությամբ՝ հաշմանդամ և անապահով երեխաների պաշտպանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահը 2017թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին կազմակերպությունում որպես աշխատակից է ձևակերպել 10 անձի։

Զբաղվածության պետական գործակալության կողմից յուրաքանչյուր շահառուի ունակությունների և կարողությունների ձեռք բերման և աշխատանքի տեղավորման համար կազմակերպությանը փոխանցվել է 200.000 ՀՀ դրամ, սակայն նշված անձինք իրականում չեն հաճախել աշխատանքի, իսկ փոխանցված խոշոր չափերով` ընդհանուր 2.000.000 ՀՀ դրամը, յուրացվել է:
     Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։

9537 | 0
Facebook