Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բնությունը վանդակաճաղերում պահողը միշտ վերջում ինքն է հայտնվում վանդակաճաղերի հետևում». Առլեն Շահվերդյան

11:20, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
«Բնությունը վանդակաճաղերում պահողը միշտ վերջում ինքն է հայտնվում վանդակաճաղերի հետևում». Առլեն Շահվերդյան

Գրող Առլեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի Ընթերցողներ, որպես բնապահպան գրող և անսահման բնասեր մարդ՝ արդեն շուրջ 10 տարի է, ինչ բարձրաձայնում եմ որսագողության և մասնավոր անձանց կողմից վայրի կենդանիներին պահելու անթույլատրելիության մասին՝ պայքարելով դրա դեմ իմ բնապահպանական հոդվածներով, հրապարակումներով, տպագրած բնապահպանական գրքերով («Ապրելու իրավունք», «Լռության գինը») և բնությանը նվիրված բազմաթիվ բանաստեղծություններով:
     Այս ոլորտը վերջապես պետք է խստորեն կանոնակարգվի՞, թե՞ ոչ: Վայրի կենդանիները չպե՛տք է դառնան որևէ մեծահարուստի խրախճանքի ու ինքնահաստատման առարկա և սեփական անձի ցուցամոլության զոհ: Առավել ևս, որ այդ կենդանիները հիմնականում պահվում են դրանց տերերի՝ բնությունից լիակատար անտեղյակության ու կենդանի պահելու հարցում՝ անպատրաստվածության, ինչպես նաև պարզապես խայտառակ ու ստորացնող պայմաններում: Էլ չեմ ասում, որ այդ կենդանիները կերակրվում են ինչով ասես կամ թերսնուցվում են ընդհանրապես, ապրում են առանց անասնաբույժի հսկողության և, ի վերջո, զանազան հիվանդությունների զոհ դառնում:
     ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ այդքան կամայական, անփութորեն ու անպատասխանատու կերպով վարվել Բնության հետ: Տասը տարի է բղավո՛ւմ եմ այս մասին իմ գրականությամբ:
     Եթե որևէ մեծահարուստ այդքա՜ն շատ է սիրում կենդանիներին, ինչը շատերի դեպքում խի՛ստ կասկածելի է, ապա թող գնա կենդանաբանական այգի (որտեղ օրենքով նախատեսված կարգով պետք է պահպանվեն կենդանիներին պահելու բոլոր նորմերը), հովանավոր և խնամակալ դառնա որևէ վայրի կենդանու, առավել ևս, որ կենդանաբանական այգիներում այդ պրակտիկան գործում է:
     Մի քիչ շատ սեփականատեր չե՞նք զգում մեզ Բնության նկատմամբ՝ լինելով դրա ընդամենը մի փոքրիկ մասնիկը:
     Ես ու բնասեր հասարակության մյուս բոլոր ներկայացուցիչները դեռ ինչքա՞ն ջանք պիտի գործադրենք, որ Բնությունը չաղտոտեն, որ պատասխանատու ու հոգատար կերպով վարվեն կենդանիների նկատմամբ, որ չզրկեն նրանց ազատությունից, չսպանեն ու անառողջ կերպով չհրճվեն: Բնությունը ձեր նմանների ձեռքը հո կրակը չի՞ ընկել:
     Պետք է կյանքում մտածել գլոբալ ու լինել լայնախոհ՝ միշտ հիշելով, որ տիեզերքում գործում է բումերանգի էֆեկտը, և Բնության վրա ձեռք բարձրացնողը վաղ թե ուշ, որևէ կերպ, բայց ԱՆՊԱՅՄԱՆ պատժվում է»:

4709 | 1
Facebook