Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երեք զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել N զորամասի ինժեներական ծառայության պետին

18:50, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
Երեք զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել N զորամասի ինժեներական ծառայության պետին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ պարզելու մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս երեք զինծառայողների պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ ստանալու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել զորամասի ինժեներական ծառայության պետին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2017 թվականի նոյեմբերի 21-ին մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի զինծառայողներ՝ լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը և Սարգիս Մհերի Մելիքյանը, իսկ շարքային Նարեկ Հայկի Հովեյանի առողջությանը՝ պատճառվել ծանր վնաս:

Դեպքի առթիվ Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ականազերծում և ականապատում իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար է նշանակված եղել զորամասի ինժեներական ծառայության պետ Է. Գրիգորյանը՝ կոչումով մայոր (զորացրվել է 2018թ. փետրվարին), ով ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, չի կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի հետևանքով աշխատանքները մանրակրկիտ պլանավորված և կազմակերպված չեն եղել: Ինժեներական աշխատանքներն իրականացվել են հանպատրաստից, այդ թվում՝ անձնակազմը չի տիրապետել ականապայթյունային միջոցների նյութական մասին, առաջադրված խնդրի կատարման կարգին, անվտանգության կանոններին և չի ունեցել ականապատման և ականազերծման միջոցների հետ վարվելու գործնական հմտություններ, մարտական վիճակում գտնվող հակատանկային ականները հանվել են ձեռքով` սուր ծայրով բահի միջոցով և տեղափոխվել ձեռքով, ականադաշտի տեղազննում չի իրականացվել, ականորսիչներ, ճանկիչներ և շոշափիչներ չեն օգտագործվել:
     Արդյունքում՝ 2017թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի երեք զինծառայող, ևս մեկը՝ վիրավորվել։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մայորին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

8307 | 0
Facebook